ՓԵՍՈՒՆ ԿՆՇԱՆԱԿԻ
«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Շենգավիթի հարկային տեսչության պետ Աշոտ Արզումանյանը նշանակվելու է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար: Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Արզումանյանը նշանակվել է աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար: Իսկ Արզումանյանի տեղում, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Շենգավիթի հարկային տեսչության պետ կնշանակվի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի փեսան՝ Վահան Մամիկոնյանը, ով մի քանի օր առաջ ազատվեց նույն շրջանի ոստիկանության բաժնի պետի պաշտոնից:
ԱՐՏԱՀԵՐԹԸ ՈՐՈՇՎԱԾ ՉԷ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս օրերին ԱԺ ՀՀԿ խմբակցությունում ակտիվորեն քննարկվում է ԱԺ արտահերթ նիստի անցկացման օրը: Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ում նախնական որոշվել էր արտահերթ նիստ հրավիրել հունիսի 23-ին, սակայն ՀՀԿ-ականների մի մասն էլ ճիշտ է համարում այն հրավիրել հաջորդ շաբաթ: Բանն այն է, որ ՀՀԿ-ն ցանկանում է օր առաջ լուծել պարտադիր կուտակային կենսաթոշակայինի հարցը ու այն չերկարաձգել մինչեւ սեպտեմբերի 30-ը: Իշխող ՀՀԿ-ն ամեն ինչ անում է, որպեսզի ցույց տա, որ «հրաշալի քառյակ»-ի ներկայացրած 12 կետանոց պահանջում, որտեղ առկա է նաեւ «պարտադիր կուտակային բաղադրիչի» հանումը, իրենք վաղուց իրենց օրակարգում ունեին: Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ում դեռեւս տեղյակ չեն, թե հայրենի կառավարությունն այդ առումով ինչ նախագիծ է պատրաստվում ներկայացնել խորհրդարան, բայց համոզված է, որ ինչ-որ չափով հարցին լուծում տրվելու է:
ԿԱՐԾԻՔ ՉՈՒՆԻ
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից պարզել՝ արդյոք ՀՀ կառավարությունը պատրաստվում է կատարել Քառյակի կողմից ներկայացված 12 պահանջները, թե ոչ: Նախարարն ասաց, որ ինքը տեղյակ չէ այդ կետերից: Մեր հարցին՝ իրեն չե՞ն հետաքրքրում ՀՀ կառավարությանը ներկայացրած ընդդիմության պահանջները, ասաց. «Իհարկե հետաքրքրում են»,-ու արագ քայլերով հեռացավ:
ԲԱՆԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մուրադ Մուրադյանից, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե պատգամավորը ինչպես է վերաբերվում Աստանայում Նուրսուլթան Նազարբաեւի կարդացած Ալիեւի նամակին: Նախ՝ պատգամավորը լսելով Աստանա բառը շատ զարմացավ, այնուհետեւ հայտարարեց. «Գալուստ Գրիգորիչն արդեն ասել է, որ այդ հարցին պատասխանել եմ»,-հայտարարեց պատգամավորն ու ժպիտը դեմքին հեռացավ: Բայց այդպես էլ անհասկանալի մնաց, թե Գ. Գրիգորիչն ինչ էր պատասխանել, որ Մ. Մուրադյանին այդքան գոհացրել էր, որ նա այլեւս որեւէ ցանկություն չուներ նրա ասածից հետո որեւէ մեկնաբանություն անել` սեփական կարծիք ներկայացնել: Իսկ միգուցե կարծիք չունի՞: