ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ

Երեկ, «Դեմ եմ»-ի երթի ժամանակ, Կառավարության վարչական շենքի առաջ նրանց դիմավորեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ծանոթանալով բարձրացված խնդրին՝ վարչապետը պնդեց. «Ով ապօրինի ազատել է որեւէ մեկին, մենք իրեն ենք ազատելու»: Վարչապետը նշեց, որ պետք է կոնկրետ օրինակներ բերեն, թե որտեղ են աշխատողներին ճնշում եւ չեն թողնում կուտակայինից հրաժարվելու դիմումներ գրել: Հովիկ Աբրահամյանը նաեւ շեշտեց, որ այսօր Ազգային ժողովում էլ պատգամավորներն են այս հարցը բարձրացրել, ու իրենք հանձնարարություն են տվել փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, որ ուսումնասիրեն կոնկրետ նշված վայրերում կա՞ն նման ճնշումներ, թե՞ ոչ: «Եթե նման դեպք կա, անողին ուղիղ մեկ օրից կազատենք»,-վստահեցրեց Աբրահամյանը: Ապա խնդրեց սպասել, մինչեւ իրենք օրինագիծ ներկայացնեն Ազգային ժողով, որից հետո նոր կխոսեն:

ԼԱՎՐՈՎԸ ԳԱԼԻՍ Է

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հունիսի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Երեւանում Սերգեյ Լավրովին կընդունի Սերժ Սարգսյանը, կկայանան Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների բանակցությունները: Հանդիպումներին կքննարկվեն 2013թ. դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահի` Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ-ռուսական դաշնակցային փոխհարաբերությունների, ռազմավարական գործընկերության հետագա խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը: Երեւանյան բանակցությունների ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

63 ՏԱՐԵԿԱՆ

Այսօր նախկին վարչապետ, Հանրապետական կուսակցության նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 63 տարեկան: Մարգարյանը բացառիկ բարի կերպար էր: Նրա մահը մեծ կորուստ էր մեր ժողովրդի եւ պետության համար: Վստահաբար կարելի է ասել, որ մեր հիշողություններում նա կմնա որպես անհատ, ով ուներ մարդկային բարձր արժանապատվություն:

ՀԻՄԱ ՈՆՑ ՀԱՍԿԱՆԱՆՔ

Mediamax-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել էր տեղեկությունը, թե Զինված ուժերը հարձակվել են Նախիջեւանի Ջուլֆայի շրջանի Լաքաթաղ բնակավայրի վրա: Սակայն երեկ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն 1in.am-ին ասել էր. «Դա մի էպիզոդ է, մերոնք կրակել են, իրանք էլ պատասխանել են, տենց ստացվեց: Մերոնք էլ են կրակել, իրանք էլ են կրակել»: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում երեկ ասել էր, թե Յուրի Խաչատուրովը ցանկացել է նշել, որ նրանք են կրակել, իսկ հայկական կողմը պատասխանել է, պարզապես հակառակն է ստացվել:

ՄՄ-Ի ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հունիսի 11-ին Երեւանում անցկացվել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 11-րդ նստաշրջանը: Նիստին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի մաքսային ծառայությունների ղեկավարները: 11-րդ նստաշրջանի կազմակերպումն ստանձնած Հայաստանի պատվիրակությունը, ինչպես նաեւ Ղրղզստանի մաքսային ծառայության ներկայացուցիչները մասնակցել են դիտորդի կարգավիճակով: Խորհուրդը քննարկել է ՄՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների առաջարկներն ու նախագծերը, հստակեցրել գործունեության առանձին ուղղությունները եւ լուծել փաստաթղթերի կազմման հետ կապված տեխնիկական հարցեր: ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Մալինինը, անդրադառնալով ՄՄ եւ Հայաստանի միջեւ իրականացվող աշխատանքներին, նկատել է, որ աշխատանքային ռեժիմով մշտական երկխոսություն է իրականացվում. «ՌԴ մաքսային ծառայությունն իր հերթին աջակցություն է ցուցաբերում Հայաստանին միությանն անդամակցելու ճանապարհին` ուղարկելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ, ծանոթացնելով ՄՄ մաքսային օրենսգրքին»:




Լրահոս