ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ ՆԱԵՎ 2015-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 1-ից Հայաստանում կբարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը. ՀՀ քաղաքացիները 1կվտ/ժամ էլեկտրաէներգիայի համար 38 դրամի փոխարեն կվճարեն 43 դրամ:

Մինչ այդ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը երկու օր է՝ ԱԺ պատգամավորների հետ հանդիպումների ժամանակ փորձում է համոզել, թե իրենք ստիպված են գնում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման: Երեկ այս «սուրբ գործին» էր լծվել Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ով ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց. «Էլեկտրաէներգիայի սակագների թանկացումը տեղի է ունենում ընկերությունների կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունների հիման վրա: Կարող եմ ասել, որ ներկայացված փաստաթղթերը հիմնավոր են»: Ըստ նրա՝ 3,80 դրամով սակագնի թանկացումն արվում է էներգիա արտադրող եւ սպառողին հասցնող ընկերությունների հետագա անխափան աշխատանքի կազմակերպման համար, քանի որ անհրաժեշտ է լրացուցիչ 20 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածքը փակելու խնդիր:
Նկատենք, որ Հանձնաժողովն ընդամենը մեկ տարի առաջ էր բարձրացրել էլեկտրաէներգիայի սակագները. այն ժամանակ նրանք այդ քայլին գնացին, երբ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը գազի սակագները բարձրացնելու հայտ ներկայացրեց: Ու եթե նախորդ տարի գազի գնի բարձրացման հետեւանքով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կարելի էր ինչ-որ տեղ հասկանալ, ապա հիմա այս քայլը, մեղմ ասած, տարօրինակ է: Առավելեւս, երբ նախորդ տարի էլեկտրաէներգիայի սակագները բարձրացան միանգամից 27 տոկոսով կամ 7-8 դրամով, եւ հանձնաժողովը սակագները սահմանելիս համապատասխան ուսումնասիրությունների հիման վրա շատ մանրակրկիտ հաշվարկներ էր կատարել՝ նկատի առնելով, որ «Հայկական էլեկտրական ցանցեր» ընկերությունը պիտի ունենա նաեւ շահույթ՝ 13 մլրդ 361.2 մլն դրամի չափով:
Այնինչ, այսօր իշխանությունները փորձում են համոզել, թե ատոմակայանի՝ նախատեսվածից 88 օր ավելի չաշխատելու հետեւանքով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնել՝ կրել է 16.6 մլրդ դրամ վնաս, ու հիմա էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունների անխափան աշխատանքի համար անհրաժեշտ է 20 մլրդ դրամ:
Նկատեցի՞ք՝ այդ գումարը հարկավոր է ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկություն հանդիսացող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին, այսինքն՝ մասնավոր ընկերության: Այլ կերպ ասած՝ մասնավոր ընկերության ֆինանսական ճեղքվածքը պետք է փակենք մենք՝ ՀՀ քաղաքացիներս: Այնինչ, այդ ընկերությունն ինքը կարող էր համապատասխան վարկ վերցնել ու կազմակերպել իր գործունեությունը: Ի վերջո, ինչո՞վ են ՀՀ քաղաքացիները մեղավոր, որ ՀԷՑ-ը չի կարողանում նորմալ աշխատել, չի կարող վնասներ չկրել, եւ հիմա ինչո՞ւ պետք է ՀՀ քաղաքացիներս վճարենք նրանց համար: Առավելեւս, երբ նախկինում այս ընկերությունը մշտապես աշխատել է շահույթով. 2011թ. ՀԷՑ-երը ունեցել են 2.8 մլրդ դրամի շահույթ, եւ իրավիճակը կտրուկ փոխվեց այն պահից, երբ ՀԷՑ-երի նկատմամբ իշխանական վերնախավում սկսեցին անառողջ հետաքրքրություն ցուցաբերել՝ ցանկանալով տիրել այդ ընկերությանը: Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ ՀԷՑ-երը ցանկանում է գնել ռուսական «Գազպրոմ»-ը, մեկ այլ տեղեկության համաձայն՝ ռուսական «Ռոսնեվթ» ընկերությունները, բայց Հայաստանում ընկերության ղեկավար լինելու են Սերժ Սարգսյանի մատնանշած անձինք:
Եվ ահա, արդեն 2012թ.-ից, ՀԷՑ-երը, ըստ պաշտոնական տեղեկատվության, աշխատել են վնասով. այն ժամանակ վնասը կազմել է 10 մլրդ դրամ, իսկ 2013-ին, ինչպես նշել է Ռոբերտ Նազարյանը՝ 16 մլրդ 600 մլն դրամ: Փաստորեն, չնայած ՀԾԿՀ-ն, 2013թ., բարձրացնելով էլեկտրաէներգիայի սակագները, նախատեսել էր 13 մլրդ դրամի շահույթ, արդյունքում տեղի է ունեցել հակառակը՝ 16.6 մլրդ դրամի անկում: Ի դեպ, Ռոբերտ Նազարյանն այսօր խոսելով ՀԷՑ-երի 2013թ. կրած վնասի մասին, չի խոսում 2012թ. վնասների մասին:
Ի դեպ, եւս մեկ ուշագրավ հանգամանք. այս ամենին զուգահեռ, երեկ Ռոբերտ Նազարյանը հայտարարել է. «ՀԷՑ-ը սուտ ինֆորմացիա է տվել, որ սպառումը նվազել է: Նախորդ տարվա նկատմամբ յոթ տոկոս սպառումն ավելացել է»:
Հ.Գ. Ի դեպ, Հայաստանում հաջորդ տարի եւս սպասվում է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում. այս անգամ՝ պայմանավորված Որոտանի հէկ-ի մասնավորեցմամբ: Բանն այն է, որ Որոտանի հէկ-ի գնորդ ամերիկյան կազմակերպությունը նախատեսում է 2015թ.-ից բարձրացնել իր արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը, իսկ դրա հետեւանքով կբարձրանա ընդհանրապես էլեկտրաէներգիայի սակագինը: Բայց սա խոսակցության այլ թեմա է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս