ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ԽԱԽՏԵՑԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ

Շուրջ երեք տարի շարունակ, մի խումբ փաստաբաններ մեկօրյա գործադուլ էին հայտարարում եւ բողոքի ակցիա իրականացնում ՀՀ վճռաբեկ դատարանի առջեւ: Մեկօրյա գործադուլ, որով փաստաբաններն ամեն կերպ փորձում էին դատական իշխանության ուշադրությունը հրավիրել Վճռաբեկ դատարանի կողմից դրսեւորվող անթույլատրելի գործելակերպին:Սակայն այս տարի փաստաբանները խախտեցին ձեւավորված ավանդույթը եւ գործադուլի դուրս չեկան:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում գործադուլ նախաձեռնող փաստաբանների խմբի անդամ Հայկ Ալումյանն ասաց, որ մեկօրյա գործադուլը չեղավ, քանի որ իրենց պահանջներն այդպես էլ չեն կատարվել, հավելելով. «Այդ գործադուլների արդյունքն այն է, որ խնդիր բարձրացվեց, բայց խնդիրը լուծում չի ստացել: Կարծում եմ՝ հիմա կարեւոր չէ, որ հունիսն է, ու հիմա պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկենք, երբ կհասունանա պահն, անկախ նրանից՝ կլինի դա հունիս, հուլիս, թե օգոստոս, ինձ թվում է, որ փաստաբանները նորից ոտքի կկանգնեն: Այս պահին այն դեռ չի հասունացել»:
Իսկ մինչ պահը հասունանա, հիշեցնենք, որ դեռեւս 2011թ. հունիսի 11-ին, մի խումբ փաստաբաններ մեկօրյա գործադուլ էին հայտարարել եւ բողոքի ակցիա իրականացրել Վճռաբեկ դատարանի շենքի առջեւ: Այդ օրը գործադուլին միացած փաստաբանները չէին ներկայացել դատական նիստերին, իսկ պատճառը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից դրսեւորվող կամայական գործելակերպն էր: Ըստ փաստաբանների` Վճռաբեկ դատարանի ներկայիս գործելակերպը, այդ ատյանի կողմից ստեղծած իրավական անորոշությունը եւ անթափանցիկությունը բացասական տպավորություն են ստեղծում հասարակության մոտ դատական համակարգի վերաբերյալ:
2012թ. նույն օրը փաստաբաններն ավանդույթը չխախտեցին եւ հերթական անգամ մեկօրյա գործադուլ հայտարարեցին:
2013թ. հունիսի 11-ին եւս պայքարի այս ձեւաչափը պահպանվեց:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՈՍԿԵՐՉԱԿԱՆԸ ՔԱՇԸ ՉԻ ՊԱՀՈՒՄ

Դեռեւս 2013թ. Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության ստուգումների արդյունքում պարզվել է, որ «Երեւանի ոսկերչական գործարան-Գնոմոն» ընկերությունում օգտագործվող չափման միջոցների սահմանված չափման տիրույթը չի համապատասխանել կշռվող իրերի քաշին, ինչի համար նշանակվել էր 100.000 դրամ տուգանք։ Իսկ ահա այս տարվա մայիսի 16-ին «Երեւանի ոսկերչական գործարան- Գնոմոն» ընկերության տնօրեն Էմիլ Գրիգորյանը հայտնվել է ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ տնօրենը Հայաստան է ներմուծել խառը ապրանքներ եւ սահմանված ժամանակահատվածում հայտարարագիր չի ներկայացրել, ինչի հետեւանքով տուգանվել է 50.000 դրամով:

ԱՐՁԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԼՈՒԾՎՈՒՄ Է

«Ժողովուրդ»-ը դեռեւս ամիսներ առաջ գրել էր, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի նախկին քաղաքային զբոսայգին սեփականաշնորհվել է, որից հետո տարածքը սեփականատիրոջ կողմից ցանկապատվել էր եւ ներսում էր մնացել նաեւ Արցախյան պատերազմի հերոս Մոնթե Մելքոնյանի կիսանդրին՝ լքված վիճակում: Այս խնդիրը երկար ժամանկ լուծում չէր ստանում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն ասաց, որ մոտ օրերս հերոսի արձանը կբարեկարգվի եւ կտեղափոխվի Հրազդանի զինկոմիսարիատի բակ:




Լրահոս