ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՄԻԿԱ-ՑԵՄԵՆՏ»-Ը ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

Հրազդանում գտնվող Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա-ցեմենտ» գործարանն ամիսներ առաջ սնանկ էր ճանաչվել եւ վարկի դիմաց գրավադրվել ՎՏԲ Հայաստան բանկում: Մեր ունեցած տեղեկություններով՝ օրերս հայտնվել են գործարանի գնորդներ` ՌԴ-ում աշխատող հայ գործարարներ, որոնց ներկայացուցիչը գործարանի մեխանիկական բաժնի պետ՝ մարտունեցի Սերոբ Շառոյանն է,ով ազգակցական կապեր ունի նոր գնորդների հետ: Սա նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, գործարանի տնօրենի պաշտոնը կստանձնի գլխավոր մեխանիկը: ՎՏԲ-ից չեն հերքում գործարանի վաճառքի շուրջ պտտվող լուրերը, սակայն չեն էլ հաստատում` նշելով, որ հստակ կպատասխանեն միայն գրավոր հարցման դեպքում, ինչը ժամանակ է պահանջում: Տեղեկացնենք նաեւ, որ գործարանի՝ արդեն նախկին աշխատողները երեկվանից ոտքի են ելել եւ պահանջում են իրենց յոթ ամսվա չվճարված աշխատավարձը: Աշխատակիցներից տեղեկացանք, որ հենց այս պարտքերն են պատճառը, որ գործարանի նոր սեփականատերերը կանգնել են փաստի առաջ եւ վաճառքի հետ կապված թղթաբանությունն ամբողջությամբ չեն կարողանում իրականացնել: Աշխատակիցները նաեւ հայտնեցին, որ իրենց հորդորել են սպասել՝ խոստանալով աշխատավարձերն ամբողջությամբ մարել մինչեւ հունիսի 15-ը: Իսկ թե ով եւ ինչպես կվճարի պարտքերը՝ դեռեւս պարզ չէ: Գործարանի նախկին աշխատողները նշեցին, որ մինչեւ ամսի 15-ը աշխատավարձերը չմարելու դեպքում իրենց բողոքի ակցիան նոր թափ կստանա:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրազդան

 

ԶԻՆՎՈՐ Է ԶՈՀՎԵԼ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ երեկ Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, դեռեւս չպարզված հանգամանքներում, գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994 թվականին ծնված Դերենիկ Արամի Մանուկյանը: «ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Դերենիկ Մանուկյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն»,- ասված է հաղորդագրությունում:




Լրահոս