ՋԱԶԻ ՀԱՅ ԹԱԳՈՒՀԻՆ
Հայաստանյան հանդիսատեսը շուտով հնարավորություն կունենա կենդանի հնչողությամբ կրկին ունկնդրել Տաթեւիկ Հովհաննիսյանի անզուգական կատարումները: Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգչուհին տեւական դադարից հետո համերգներով գալիս է հայրենիք: Անվանի ջազ կատարողը ելույթ կունենա Երեւանում, Գյումրիում եւ Ստեփանակերտում: Մայրաքաղաքում նրա համերգը տեղի կունենա հուլիսի 4-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
ՖԻԼՄ՝ ՍՆՈՈՒԴԵՆԻ ՄԱՍԻՆ
Հոլիվուդյան հանրահայտ ռեժիսոր Օլիվեր Սթոունը ֆիլմ կնկարահանի ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին՝ ըստ նրա ռուսաստանցի իրավաբան Անատոլի Կուչերենայի գրքի:
Օսկարակիր ռեժիսորը պայմանագիր է կնքել Կուչերենայի հետ նրա՝ «Ծովահրեշի ժամանակը» գրքի էկրանավորման իրավունքի համար:
Կուչերենան հայտնել է, որ գիրքը լույս է տեսնելու այս տարի: Վեպի սյուժեի հիմքում ամերիկացի լրտեսի պատմությունն է, որին հետապնդում է ԱՄՆ կառավարությունը:
Ավելի վաղ նշվում էր, որ Սնոուդենի մասին ֆիլմը նկարահանվելու է ըստ Լյուկ Հարդինգի վեպի:
Ֆիլմի նկարահանումները կսկսվեն մինչեւ տարվա վերջ:
1.68 ՄԼՆ ԴՈԼԱՐ՝ ՇՈՏԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՄԱՐ
Բրիտանացի հայտնի գրող Ջոան Ռոուլինգը, ով փոքրիկ կախարդ Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակն է, որոշել է 1.68 մլն դոլար հատկացնել «Միասին ավելի լավ է» (Better Together) արշավին, որի նպատակն է՝ թույլ չտալ Շոտլանդիայի առանձնացումը Մեծ Բրիտանիայից:
21 տարի Շոտլանդիայում ապրած Ռոուլինգն ընդգծել է, որ անկախացումից հետո այդ երկիրն այլեւս հետդարձի ճանապարհ չի ունենա, եւ Շոտլանդիան ստիպված կլինի առերեսվել բազմաթիվ տնտեսական ու քաղաքական խնդիրների։
Աղբյուրը նկատում է, որ Ռոուլինգի հատկացրած գումարն ամենախոշոր միաժամանակյա նվիրատվությունն է այս արշավին։
Հիշեցնենք, որ Շոտլանդիայի անկախության հանրաքվեն կկայանա սեպտեմբերի 18-ին: