ՌՈՒՍԱԼԵԶՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի երեկվա վրդովմունքը` կապված «Ռուսաստանն այսօր» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլեւի վիճահարույց հայտարարությունների հետ, իհարկե, միանգամայն հասկանալի եւ ընդունելի է բոլորի, անգամ` հանրապետականների համար: Թեեւ նրանք դա ի ցույց դնելու համարձակություն, բնականաբար, չունեցան: Սակայն Փաշինյանի առաջարկը` Կիսիլեւին «պերսոնա նոն գրադա»` անցանկալի անձ հայտարարելու մասին, կարծում ենք` չափազանց է: Ինչպես ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն էր պարզաբանել. ««Պերսոնա նոն-գրադա» Հայաստանում հայտարարվում են այն անձինք, որոնց գործունեությունը վնաս է մեր ազգային եւ պետական շահերին»:
Անկեղծ ասած` դժվար է համոզիչ փաստարկներ բերել առ այն, որ Կիսիլեւի՝ նախօրեին արած հայտարարությունները որեւէ կերպ վնասում են մեր պետական եւ ազգային շահերին: Նկատի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի՝ վերջին քսան տարիների իշխանությունները մեր պետական եւ ազգային շահերը կամավոր կերպով եւ, ցավոք, կարծես թե անվերադարձ, հանձնել են Ռուսաստանի տնօրինմանը: Ուստի պետք չէ զարմանալ, որ Կրեմլի ոչ պաշտոնական խոսնակը Հայաստանի Ազգային ժողովում իրեն կարող է նման լկտի, եւ, ինչպես շատ տեղին ստուգաբանությամբ նկատեց Ալ. Արզումանյանը, ցինիկ պահվածք թույլ տալ:
ԱԺ պատգամավորները լավ կանեին Կիսիլեւի խոսքերից վրդովվելուց բացի, կամ դրանից շատ առաջ` վրդովվեին ԱԺ-ում հայ-ռուսական խորհրդարանական ակումբի բացման փաստից ( երբ չկան հայ-ամերիկյան կամ հայ- ֆրանսիական ակումբներ), այն էլ` մի մարդու նախաձեռնությամբ, ով հայտնի է Հայաստանում տխրահռչակ պուտինյան ակումբների բացմամբ: ԱԺ պատգամավորները նախ եւ առաջ պետք է մտահոգվեին, թե ինչու եւ որ արժանիքների համար են ԱԺ նախագահը, պաշտպանության նախարարը եւ այլք այդ մարդուն մեդալներ եւ կոչումներ շնորհում: Եթե շնորհում են` ուրեմն հօգուտ մեր պետական շահի ինչ-որ բան է արել: Եթե այդ ինչ-որ բանը նշված ակումբի բացումն է, որտեղ կիսիլեւանմաններն ու վոլինկինները նման հայտարարություններ են անում, նշանակում է՝ մեր իշխանությունների պատկերացմամբ` դա հօգուտ մեր ազգային շահի է:
Հետեւաբար` նախքան Կիսիլեւին «պերսոնա նոն գրադա» հայտարարելը, պետք է այդ կարգավիճակը տալ Հայաստանի իշխանություններին, որոնց անմիջական ջանքերի արդյունքում, ի դեպ, հայերի գերակշիռ մասի համար այսօր արդեն հենց ռուսաց լեզուն ունի մայրենիի կարգավիճակ, քանզի ինչպես մի առիթով հեգնեց Վլ. Պուտինը` Ռուսաստանում ավելի շատ հայ կա, քան Հայաստանում:




Լրահոս