ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԵՎ ԱՆՊԱՇՏՊԱՆ ՔԱՂԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի հռչակած 2-րդ սերնդի բարեփոխումների ռազմավարության առանցքային խնդիրներից էր նաեւ քաղծառայողների իրավական ու սոցիալական երաշխիքների ներդրումը, ղեկավարության կամայականություններից պաշտպանվածության ապահովվումը: Սակայն Սարգսյանի՝ ապրիլի 30-ի հրամանագիրը, որով ՊԵԿ-ը վերակազմավորվեց՝ միացվելով ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ ջուրը լցրեց թե՛ իշխանությունների հռչակած ռազմավարությունը, թե՛ ռազմավարության շահառուներին՝ ի դեմս քաղծառայողների: Հրամանագրի ընդունումից մոտ ամիս ու կես անց, Գագիկ Խաչատրյանի հրամանով ֆիննախից ազատվել են մոտ 100 աշխատակիցներ՝ կարելի է ասել՝ օրական 2 քաղծառայող հրաժեշտ է տվել իր պաշտոնին: Պատճառը՝ վերակազմավորումն է, օպտիմալացումը: Սակայն զարմանալի զուգադիպությամբ, դա տարածվում է միայն ֆիննախի ծառայողների վրա՝ վերջիններս ազատվում են աշխատանքից, իսկ ահա ՊԵԿ ծառայողները ստանում են ավելի բարձր պաշտոն: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Գագիկ Խաչատրյանը աշխատանքից ամբողջությամբ ազատել է նախարարության ֆինանսական վերահսկողական տեսչությանը: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին կտրուկ սրվել էին Ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ-ի հարաբերություններն այն բանից հետո, երբ սույն տեսչությունը ստուգումներ էր անցկացրել ՊԵԿ-ում եւ հարկային մարմինների լիազորությունների խախտումներ էր հայտնաբերել: Հիմա, փաստորեն, «Տամոժնի» Գագոն Ֆինանսների նախարարության աշխատակիցներից վրեժ է լուծում:

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր նոր աշխատասենյակը մտնելիս նախ եւ առաջ հրահանգել է դուրս հանել այն գրքերը, որոնք թողել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Երբ նա մտել է առանձնազրույցների համար նախատեսված սենյակ, նկատել է պահարան, որտեղ միմիայն գրքեր են եղել: Նախ՝ հետաքրքրվել է, թե դրանք ում են պատկանում եւ ինչու են այդտեղ տեղադրված: Երբ նրան տեղեկացրել են, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը գնալիս որոշ գրքեր տարել է, իսկ որոշներն էլ թողել, Աբրահամյանը կարգադրել է գրքերն այնտեղից շուտ դուրս հանել: Թե ինչ վտանգ է տեսել Սարգսյանի թողած գրքերի տողատակերում, դժվար է ասել: Այնուամենայնիվ, երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության պատասխանատու Սուսաննա Տոնոյանից: Սակայն վերջինս ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի:

 

Առաջիկայում Հայաստան են ժամանելու ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիթորինգի հանձնախմբի համազեկուցողներ Ակսել Ֆիշերն ու Ալան Միլը: Ինչպես «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ իր լավատեղյակ աղբյուրներից, ԵԽԽՎ համազեկուցողներն այցելելու են հաջորդ շաբաթ: Նախատեսված է նրանց հանդիպումները Սերժ Սարգսյանի, Գալուստ Սահակյանի, Հովիկ Աբրահամյանի, Վլադիմիր Գասպարյանի, ինչպես նաեւ խորհրդարանական խմբակցությունների, այդ թվում՝ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Նշենք, որ ԵԽԽՎ համազեկուցողները վերջին անգամ Հայաստան էին այցելել 2012թ. հունվարին: Փաստորեն, Հայաստանը շարունակում է մնալ ԵԽԽՎ մոնիտորինգի տակ: Ի դեպ, նախատեսվում է քննարկել ԵԽԽՎ-ի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունները, ԵԽԽՎ բանաձեւերի կատարման ընթացքը, իրականացվող բարեփոխումների հետագա միտումները, մարդու իրավունքների պաշտպանությունը, հատկապես ազատությունից զրկված անձանց իրավական պաշտպանվածության մակարդակը:

 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը երիտասարդ գիտնականին, ի վերջո, նվիրել է խոստացած հեծանիվը: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 23-ին, ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին, որին մասնակցում էր նաեւ Սերժ Սարգսյանը, երիտասարդ գիտնական Ղազար Գալոյանը, անդրադառնալով գիտնականների սոցիալական ծանր պայմաններին՝ հայտարարել էր, որ նրանց համար պետք է ստեղծվեն նպաստավոր պայմաններ, քանի որ գիտնականների մեծ մասը կոշիկ անգամ չունի, այն դեպքում, երբ նախարարները շքեղ մեքենաներ են վարում. ի վերջո, նրանք կարող են հեծանիվով գործի գնալ: Գալոյանի ելույթից հետո, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը խոստացավ հեծանիվ նվիրել նրան: Երեկ «Ժողովուրդ»-ը Ռ. Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ հեծանիվը նվիրե՞ց գիտնականին, թե՞ ոչ. «Բարով-խերով, գնացեք նկարեք էդ հեծանիվը: Մոտ մի երկու-երեք շաբաթ առաջ տրված է իր տիրոջը»: Իսկ ահա Ղազար Գալոյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ հեծանիվը հիմա անսարք վիճակում է. «Ճանապարհի կեսին հեծանիվը փչացավ, տանը քցած է»:

 




Լրահոս