ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ԷԼ ՊԱՅՔԱՐՈՎ

Այսօր, Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ժամը 12:00-ից-14:00-ը տեղի կունենա Սմբատ Այվազյանի վերջին հրաժեշտը, իսկ հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Եռաբլուրում: Երեկ, Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Սմբատ Այվազյանի հոգեհանգստին են մասնակցել վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բազմաթիվ գեներալներ, պատգամավորներ: Հիշեցնենք, որ «Եռաբլուր» պանթեոնում Մոնթե Մելքոնյանի շիրմի կողքին երեկ՝ վաղ առավոտից, տարբեր մարզերից ժամանած մարտական ընկերներն իրենց ձեռքով փորում էին «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ, նախկին պատգամավոր Սմբատ Այվազյանի գերեզմանը։ Ազատամարտիկների խոսքերով՝ չնայած Պաշտպանության նախարարությունը հուղարկավորության համար սկզբում նախատեսել էր հատկացնել Մոնթեի գերեզմանի կողքին գտնվող տարածքը, սակայն ավելի ուշ որոշել է հատկացնել «Եռաբլուր»-ում մեկ այլ տարածք, որտեղ թաղված են գեներալները: Այվազյանի մարտական ընկներները, դեմ գնալով այս որոշմանը, որոշեցին իրենց ձեռքով փորել գերեզմանը:

ԱԳՆ-Ն ՈՒՆԻ ՊԱՏԱՍԽԱՆ

«Ժողովուրդ»-ը նախօրեին տեղեկացրել էր նախնական պայմանավորվածության մասին, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը հունիսի 23-24-ին փակ հանդիպում է ունենալու խորհրդարանում: Նշենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԱԺ Եվրաինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը պաշտոնական նամակով Է. Նալբանդյանին հրավիրել էր ԱԺ՝ պարզաբանումներ տալու Աստանայում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Ն. Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Արտակ Զաքարյանի հետ պայմանավորվել ենք, որ ամսի 23-24-ին, այդ օրերին համատեղ աշխատանքային նիստ կանենք երկու հանձնաժողովների` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Եվրաինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովի հետ, եւ Էդուարդ Նալբանդյանն էլ կլինի այդ նիստին ու պարզաբանում կներկայացնի Աստանայի եւ, ընդհանրապես, արտաքին հարցերի վերաբերյալ»: Օրը հստակ պետք է ԱԳՆ-ն որոշի, սակայն պատասխանները հստակ կլինեն, թե լղոզված, պարզ կլինի փակ նիստից հետո:

ԽՈՍՆԱԿ ՉԿԱ, ԱՌԱՋԱՐԿ ՉԿԱ

Այսօր լրանում է Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելու 2-ամսյակը, սակայն նա դեռ չունի մամլո խոսնակ: Խոսակցություններ են պտտվում այն մասին, որ վարչապետի մամլո խոսնակ կդառնա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանը: Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց վերջինիս հետ եւ հետաքրքրվեց՝ առաջարկ ստացե՞լ է, թե՞ ոչ: «Ոչ, ես նման առաջարկ չեմ ստացել»,-պատասխանեց Շուշան Սարդարյանը:




Լրահոս