ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եկել եմ այստեղ, որովհետեւ ես Հայաստանի քաղաքացի եմ եւ ցանկանում եմ պաշտպանել Շանթ Հարությունյանի ազատության իրավունքը… Ես ուզում եմ նրանից ավելի խենթ լինել»։

Րաֆֆի Հովհաննիսյան News.am

Է, լինեիր, հարգելի Րաֆֆի Հովհաննիսյան: Իսկ ո՞վ էր ժամանակին բռնում ձեր ձեռքից, ո՞վ էր ձեզ խանգարում ավելի խենթ լինել: 2013-ին Րաֆֆի Հովհաննիսյանն ունեցավ մոտ 500 հազար ընտրող, ովքեր պատրաստ էին գնալ նրա հետեւից: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանն իր ընտրողներին եւ իրեն տված ձայներին տեր կանգնելու փոխարեն գերադասեց աղոթել ոստիկանապետի հետ: Իսկ հիմա մե՛կ ամիսներով անհետանում է, մե՛կ էլ հայտնվում ու ցանկանում ավելի «խենթ» լինել: Չնայած նրա քայլերը հանրության կողմից վաղուց արդեն օրինաչափ չեն դիտվում, այնպես որ Հովհաննիսյանի ցանկությունը սարերի հետեւում չէ:

 
«Պատգամավորական ակումբն այն հարթակը չէ, որտեղ պետք է միմյանց հակադարձեինք: Տիկին Նաղդալյանը հակադարձեց, որ տաքսու վարորդի՝ ռուսերեն չիմանալը ոչինչ չի նշանակում: Դա այն հարթակը չէր, որտեղ, թուր-թվանքն առած, պետք է հակադարձեինք»:

Կարինե Աճեմյան Yerkir.am

ՀՀԿ-ական պատգամավորը նկատի ունի հայ պատգամավորների՝ ռուս լրագրող Կիսելյովի հետ հանդիպումը, որտեղ Կիսելյովը հանդիմանեց հայերին՝ ռուսերեն լեզվին լավ չտիրապետելու համար: Եվ, իհարկե, ինչպես եւ Աստանայի դեպքի ժամանակ հնչեց տիպիկ ՀՀԿ-ական արդարացում՝ սա այն հարթակը չէ, որտեղ պետք էր հակադարձել: Իսկ հակառակ կողմը, երբ կոշտ հայտարարություն է անում, սուր հարցադրումներ կատարում, մի՞թե նրա համար դա ուրիշ հարթակ է: Կարինե Աճեմյանն ավելի լավ կլիներ՝ անկեղծ լիներ եւ ասեր, որ ռուսներին ամեն դեպքում իրենք հակադարձել չեն կարող: Դրա համար հատուկ հարթակ է պետք:

 
«Գորիսում ընտրություններն անցել են լավ՝ առանց ընտրախախտումների: Այս ընտրություններն ապացուցեցին, որ Գորիսում հարգանքի պահ կա ընդամենը, վախի մթնոլորտ ընդհանրապես չկա»:

Սուրիկ Խաչատրյան News.am

Դե, իհարկե, Գորիսում ոչ մի վախի մթնոլորտ չկա, միայն հարգանք, ու երեւի այդ մեծագույն հարգանքից դրդված էին Բուդաղյանները զենքով գնացել Սյունիքի նախկին մարզպետի տան վրա: Շատ յուրահատուկ հարգանքի դրսեւորում է ձեւավորվել այդ քաղաքում: Հետաքրքիր է, ինչի՞ց է դա. միգուցե նրանից, որ Սուրիկ Խաչատրյանն ու իր քրեածին ազգականներն այնպիսի վախի մթնոլորտ են ձեւավորել Գորիսում, որ մարդիկ սկսել են իրար նման կե՞րպ «հարգել»: Ամեն դեպքում, պարզ է մի բան, որ այդ փոխադարձ հարգանքի արդյունքում ամեն անգամ մի քրեածին արարք է կատարվում:Եվ հարգանքից ելնելով փակվում:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս