ՎԵՐԱԿԱՆԳՆՈ՞Ղ, ԹԵ՞ ՔԱՆԴՈՂ ԴԵՂԵՐ
2013թ. մայիսի 7-ին, ՀՀ առողջապահության նախարարության կողմից կայացած մրցույթում հաղթող էր ճանաչվել «Վագա ֆարմ» ՍՊԸ-ն, որը եւ ներկրելու էր հոգեկան առողջության վերականգնման համար օգտագործվող «Զիպրեքսա» կամ «Օլանզապին» դեղամիջոցը: «Վագա ֆարմ» ՍՊԸ-ի տնօրեն Վահե Վարսանյանի խոսքով՝ նշված դեղորայքի հումքն Իսրայելի արտադրության ծագում ունի, իսկ ահա հոգեկան խնդիրներ ունեցող անձինք, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, հակառակն էին պնդում, որ այդ դեղերն իրենց չեն օգնում, այլ ընդհակառակը՝ այդ ներկրված դեղերը հնդկական ծագում ունեն: Այդ հիվանդությամբ տառապող մարդիկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեցին, որ երբ մեկ շաբաթ օգտագործել էին հնդկական ծագում ունեցող այդ դեղորայքը, սկսել էին իրենց վատ զգալ: «Լեզուս ուռչում էր ու ծակծկում, գլխապտույտ ու գլխացավ էի ունենում, հետո՝ սրտխառնոց»,- ասում էին հիվանդները: Ու մինչ Առողջապահության նախարարությունը կստուգեր եւ կպարզեր, թե որքանով է քաղաքացիների դժգոհությունը տեղին կամ հակառակը, որքանով են հավաստի «Վագա ֆարմ» ՍՊԸ-ի տնօրենի արդարացումները, պետական եկամուտների կոմիտեն ջանք չի խնայում «կպնելու» ընկերության գրպաններին: Մայիսի 30-ին, ընկերության տնօրենը Հայաստան է ներմուծել 162կգ դեղագործական արտադրանք , որից 52 կգ հայտարարագրել է, իսկ մյուս հատվածի մասին այդպես էլ հայատարարագիր չի ներկայացրել, որի հետեւանքով տուգանվել է 50.000 դրամով: Ամեն դեպքում, տուգանքով չի լուծվում բաց մնացած հարցը՝ այդ դեղերը հիմա օգնո՞ւմ են հիվանդներին վերականգնելու իրենց առողջությունը, թե՞ լինելով անհայտ ծագման ու արտադրության ինչ-որ դեղանման հաբեր, քանդում են մարդկանց առողջությունը:
ԷՊՈՍԱԳԵՏԸ ՄԵԿՈՒՍԱՑՎԵԼ Է
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Արթիկ» ՔԿՀ-ում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված էպոսագետ Վարդան Սեդրակյանը քրեակատարողական հիմնարկում իրեն պահում է բոլորից մեկուսացված: Մեզ հասած տեղեկություններով՝ վերջինս ոչ ոքի հետ չի շփվում եւ գրեթե օրվա մեծ մասն անց է կացնում գրքեր կարդալով: ՔԿՀ-ի գրեթե բոլոր աշխատակիցները նկատել են, որ նա ապրում է գրքերի աշխարհում: Մեզ հասած տեղեկություններով՝ նրան բացի կնոջից, որեւէ մեկն այցելության չի գնացել: