ՀԱՐԿԸ 3,5 ՏՈԿՈՍԻՑ ՆՎԱԶԵՑ 1 ՏՈԿՈՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում զեկուցվել են ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՓՄՁ-ների ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած ինտենսիվ քննարկումների արդյունքները: Մասնավորապես, տեղեկացվել է, որ նախատեսվում է ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից առեւտրի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոս:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի խոսքով՝ դրա արդյունքում շուրջ 39 հազար 500-ից ավելի տնտեսվարող սուբյեկտների համար էականորեն կթեթեւանա շրջանառության հարկը, չնայած նրան, որ պետության տարեկան եկամուտները կնվազեն 8 մլրդ դրամով: Բացի այդ, ծրագրվում է Հայաստանում ներդնել ընտանեկան բիզնես կարգավիճակ: Այսինքն` տարեկան 12 մլն դրամի շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները, որոնք կգրանցվեն ընտանեկան բիզնես կարգավիճակով, կազատվեն հարկերից:
Հաջորդ քայլով նախատեսվում է ՓՄՁ-ի համար փաստաթղթաշրջանառությունը դարձնել պարտադիր պայման, սակայն փաստաթղթի առկայությունը հարկային մարմինը կստուգի պարզեցված ընթացակարգով: Հարկային մարմնին տրամադրվելու է աշխատանքային մեկ օր՝ ՓՄՁ-ի մոտ փաստաթղթի առկայությունը ստուգելու համար: Փաստաթղթի բացակայության դեպքում առաջարկվում է կարգավորման մի քանի փուլային եղանակ: Մասնավորապես, մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը նախատեսվում է պատասխանատվությունը տարանջատել. սուբյեկտի նկատմամբ նախ կկիրառվի նախազգուշացում, որից հետո 20 հազար դրամ տուգանք: Երրորդ խախտման դեպքում կկիրառվի հինգ տոկոսի շրջանառության հարկ՝ հաշվարկված տարվա սկզբից, իսկ չորրորդ խախտման դեպքում տնտեսվարող սուբյեկտը կհայտնվի ավելացված արժեքի հարկի դաշտում:
Միրումյանը նշել է, որ կատարվել է տարանջատում, որպեսզի ՓՄՁ-ների վրա այդ ազդեցությունը ցավոտ չլինի: Ծրագրվում է 2015թ.-ից հանել նախազգուշացման, իսկ 2016թ.-ից՝ տուգանքի ինստիտուտը: Ուժեղացվելու են նաեւ խոշորի նկատմամբ գործողությունները՝ փաստաթղթաշրջանառության ապահովման ուղղությամբ: Նախատեսվում է՝ ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՓՄՁ-ների միջեւ ձեւավորել միասնական խորհուրդ, որն արագորեն կարձագանքի հնարավոր սուբյեկտիվ դրսեւորումներին՝ առկա խնդիրները կարգավորելու համար: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունել է կառավարության եւ մասնավոր հատվածի միջեւ տեղի ունեցած քննարկումների արդյունքները եւ հանձնարարել՝ օրենսդրական լուծումները ներկայացնել Ազգային ժողով:




Լրահոս