Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Մամուլի ազգային ակումբում կայացավ հասարակական-քաղաքական քննարկում` Եվրամիություն և Մաքսային միություն մտնելու թեմայով` ՀՀ-ում Ֆրանսիայի արտ. և լիազոր դեսպան Անրի Ռենոյի և ՀՀ քաղաքական և հասարակական գործիչների մասնակցությամբ:
Անրի Ռենոյի ելույթից հետո առաջարկով հանդես եկավ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը` նշելով, որ Եվրոպական ուղղվածություն կարող են ընտրել այն իշխանությունները, որոնք հեռու են եվրոպական մտածողությունից, նրանցից յուրաքանչյուրին դա խորթ է:
«Այստեղ, իհարկե, դեսպանը Սերժ Սարգսյանից շատ ավելի լավ ներկայացրեց` ինչու է ընտրում Եվրասիական մտածողությունը: Բայց եվրոպական ընտրությունը «կա՛մ… կա՛մ» է, ոչ թե «և՛… և՛»: Չենք կարող լինել և՛ Ռուսաստանում, և՛ Եվրոպայում, և չենք կարող լինել մի երկրի հետ, որը դեմ է ամբողջովին եվրոպականին: Ռուսաստանի կողմից այսօր դրված է «կա՛մ… կա՛մ»-ի խնդիր»,- նշեց իրավապաշտպանը:
Իսկ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանն էլ իր ելույթում նշեց, որ այն, ինչ մեզ կարող է առաջարկել Եվրամիությունը, չի կարող առաջարկել Մաքսայինը, և՝ հակառակը: Պատգամավորի բնորոշմամբ` մենք չենք կարող հարաբերություններ ունենալ Բրյուսելի հետ, և չունենալ Մոսկվայի հետ:
«Մենք պետք է համագործակցենք ԵՄ-ին, ինչը բխում է Հայաստանի խաղերից: ԵՄ-ին անդամակցելը առաջին հերթին ենթադրում է Հայաստանում գների նվազեցում, այն ենթադրում է ինչպես տեղական, այնպես էլ՝ ներկրվող արտադրանքի դրական սպառում: ՕԵԿ-ը կողմնակից է բալանսավորված քաղաքականությանը»,- ասաց Լևոն Դոխոլյանը:
Իսկ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը համակարծիք էր դեսպանի այն տեսակետին, թե Հայաստանն իր պատմությամբ ու բնույթով եվրապական է, և Ստյոպա Սաֆարյանը համոզմունք հայտնեց, որ թեև հիմա մի փոքր թատերականացված, մի փոքր քաղաքականացված է ներկայիս իրավիճակը, այնուամենայնիվ, ամեն ինչ իր տեղը կընկնի:
«Պետք է հիշեցնեմ, թե ինչ է հուլիսի 1-ը. դա Հայաստանի անդամակցության ժամկետը չէ: Դա ընդամենը նախապատրաստման և «տրոյկայի» նշման ժամանակն է: Ես ամենևին այն կարծիքին չեմ, թե այդ օրը կանդամակցենք, քանի որ կան չլուծված հարցեր: Երկու օր առաջ ՀՀ վարչապետը հայտարարություն արեց, որը չափազանց տարօրինակ է: Նա խոսեց հուլիսի 3-ի մասին: Սա անտեղյակության նշան չէ, այլ այն, որ պաշտոնական Երևանն էլ չի հավատում, թե ինքն էլ անդամակցելու է ԵՄ-ին»,- ասաց Ս.Սաֆարյանը:
Վերջինիս խոսքերով` Բրյուսելը սպասում է Երևանի հստակեցմանը: Եվ նա հորդորեց եվրոպական կողմին, որ ոչ թե սպասեն, թե երբ են Երևանն ու Մոսկվան հստակեցնելու, այլ Եվրոպան ինքը նույնպես շատ ակտիվ լինի ոլորտները ճշգրտելու և բանակցություններ սկսելու համար: «Ես լավատես եմ, որ եթե Երևանը հրաժարվել է իր պատմական արժեքներից, ապա եվրոպան չի հրաժարվել Հայաստանից»,- եզրափակեց Ստյոպա Սաֆարյանը:
Իսկ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն իր ելույթում կարծիք հայտնեց, թե ՄՄ-ին միանալու Հայաստանի որոշումը վերջնական է:
«Նոր բան ասել պետք չի, Ուկրաինայի դեպքը գալիս է հավաստելու մեկ անգամ ևս այն, որ խոսակցությունները շատ էին, գործողությունները` քիչ: Հենց սկսվեցին գործողությունները, արևմուքտը ցույց տվեց, որ չունի ո՛չ ցանկություն, ո՛չ հնարավորություն ռազմական գծին դիմակայելու համար: Ընտրվեց մեկ այլ տակտիկա Ռուսաստանի կողմից, որը գուցե սխալ չի, բայց դրանից ինչ է շահելու Ուկրաինան, պարզ չէ: Ես տեսնում եմ քաղաքացիական պատերազմ, պայքար, ինչպես նաև շատ մեծ հակասություններ արևմուտքի քաղաքականության մեջ»,- ասաց Ա. Կարապետյանը` նշելով, որ իր համար արևմուտքն ամբողջական չէ, և այն չի համընկնում ԱՄՆ-ի հետ, այդ թվում` Կովկասում:
Ա.Կարապետյանի գնահատմամբ` Հայաստանն այս պահին ունի Ռուսաստանի բազա, կողքին` Թուրքիան, որին անգամ Եվրոպան չի ցանկանում ընդունել, Վրաստան, որը միշտ գտնվում է պատերազմի մեջ, Ադրբեջան, որի հետ մենք ենք պատերազմի մեջ: Այս ամենն ունենալով` Կարապետյանի խոսքերով՝ պետք է միայն փորձենք մեր ազգային անվտանգությունն ապահովել:
«Ես այսօր իմացա, որ Վրաստանին ոչ ոք ՆԱՏՕ չի հրավիրում, պարոն դեսպան. ասեք այլ ալտերնատիվ, որը իր մեջ կպարունակի շատ շատ կարևոր հարցեր, էլ չեմ ասում` տնտեսական, դեմոկրատիվ: Ես ուրախ եմ, որ դուք արտահայտեցիք Եվրոպական այն երկրների կարծիքները, որոնց համաձայն` պետք է ընդհանուր տնտեսական կապ գտնել Ատլանտիկայից մինչև Խաղաղ օվկիանոս, կասե՞ք ինձ` ով է դեմ գնալու դրան: Իմ կարծիքով` առաջինը` ԱՄՆ-ն, երկրորդը` ՆԱՏՕ-ն, երրորդը` Չինաստանը, չորրորդը` Թուրքիան, քանի որ բոլորն էլ իրենց սեփական կայսրությունն են ցանկանում կառուցել:
Այդպիսի միության կազմավորման դեպքում ՆԱՏՕ-ն կորցնում է իր ազդեցությունը, և Եվրոպան հնարավորություն է ստանում սեփական անվտանգության համակարգ կառուցելու: Ես գիտեմ, որ ապագան այդպիսի միությանն է, և Հայաստանն այս հարցում շատ մեծ օգուտներ կարող է բերել և բերելու է»,- ասաց Արամ Կարապետյանը:
«Ա1+» լրատվական գործակալության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը հայտնեց, որ ինքը բոլոր բանախոսների հետ էլ համաձայն է, քանի որ յուրաքանչյուրն ունի իր արգումենտացիան, իսկություն և ճշմարտություն:
«Բախվել են գերպետությունները, իսկ Հայաստանը փոքր պետություն է, նույն պատմությունը միշտ էլ ցույց է տվել որ Հայաստանը շահ չի հետապնդել: Ի՞նչ կլինի, եթե գնանք Ռուսաստան, մենք թաղված կմնանք էն պրոբլեների մեջ, որի մեջ է ինքը, ինքը սիրով դրանք կփաթաթի մեզ վրա: Կկորցնենք Ղարաբաղը, հարևանության բոլոր հնարավորությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Կա լուրջ խնդիր, որն ունենք. ցավոք, մեր կառավարությունը մեզ հետ չի քննարկում, հուլիսի մեկին որևէ փաստաթուղթ չի ստորագրվի, դա ևս մեկ անգամ անորոշ ժամկետով կհետաձգվի: Ռուսաստանը Ուկրաինա անունով խնդիր ունի: Ինձ թվում է՝ մենք դեռ ունենք ժամանակ նորից քննարկելու և ճիշտ գնահատելու: Ցավոք «և՛….և՛»-ի հնարավորություն չունենք, ունենք կոշտ քաղաքականություն Պուտինի կողմից: Ուղղակի բախման Եվրոպան չի գնում Ռուսաստանի հետ»,- նշեց Մովսիսյանը` հավելելով, որ ինչպես միշտ գտնվում ենք կիզակետին` չունենալով որևէ օգուտ: Նրա գնահատմամբ` վերևում կբախվեն մեծերը, մենք էլ ներքևում կսպասենք, թե ինչ կընկնի մեզ վրա` մեծ բեկոր, թե՝ փոքր:
Վերջում դեսպան Անրի Ռենոն նշեց, որ ասելիք չունի և ուշադրությամբ լսել է բոլորի ելույթները, և հույս հայտնեց, որ հարցն իր իրական լուծումը կստանա: