ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳԱԶԻ ՀԱՐՑՈՎ 1000 ԷՋ

Հայաստանի գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախնական եզրակացությունը կազմել է ավելի քան 1000 էջ: Այդ մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նրա խոսքերով՝ ԱԺ նախնական եզրակացությունը ներկայացնելուց հետո իրենք մտադիր են երկարացնել հանձնաժողովի գործունեության ժամկետը: Նշենք, որ հանձնաժողովի ստեղծման որոշման համաձայն՝ նախնական եզրակացությունը պետք է ներկայացվեր մինչեւ գարնանային այս նստաշրջանի ավարտը, բայց Այվազյանի խոսքերով՝ իրենք դեռ աշխատելու շատ գործ ունեն:

ԸՆԴՄԻՇՏ ԿՈԿԱ-ԿՈԼԱ

Չնայած Սերժ Սարգսյանի՝ ապրիլի 30-ի հրամանագրով ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ-ը վերակազմավորվեց՝ միացվելով ՀՀ ֆինանսների նախարարությանը, սակայն այդ գերատեսչության թղթաբանության մեջ շարունակվում է պահպանվել հին անվանումը: Օրինակ՝ մայիսի 15-ին այդ գերատեսչությունը պայմանագիր է կնքել «ԶԱԱՐՏ» ՍՊԸ-ի հետ, ու այնտեղ ստորագրել է «ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի ղեկավար Ա.Գեւորգյանը»: Ավելին՝ «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված պայմանագրում եւս որպես պատվիրատու նշված է «ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտե»: Նշենք, որ պայմանագիրը վերաբերում է ՊԵԿ-ի՝ Դիլիջանի ուսումնական կենտրոնի վերակառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմմանը: Իսկ այդ նպատակով Գագիկ Խաչատրյանը 14.7մլն դրամ կամ մոտ 36 հազար դոլար է ծախսել: Ընդ որում, սա ողջ աշխատանքի գումարը չէ, այլ՝ դրա առաջին մասի: Իսկ ամբողջական աշխատանքների համար ՀՀ քաղաքացիներիս գրպանից ծախսելու են 33 մլն 230 հազար դրամ: Փաստորեն, ՊԵԿ-ում՝ անվան պահով ոչ մի կերպ չեն կարողանում համակերպվել, որ իրենք ՀՀ ֆինանսների նախարարության կազմում են, իսկ ծախսելուց լավ էլ ֆինանսներ են դուրս գրում:

ՇԱՐԺԻՉՆԵՐՆ ԵՆ ՍՏՈՒԳՈՒՄ

Օրեր առաջ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը զբաղված է ընկերության ինքնաթիռների վաճառքով: Այսպիսով, երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արդեն տասն օր է, ինչ համապատասխան մասնագետները ստուգում եւ ուսումնասիրում են ինքնաթիռների շարժիչները: Ի դեպ, ընկերությունն այս պահին ունի հինգ ինքնաթիռ, որոնցից մեկի շարժիչը վնասված է: Հիշեցնենք, որ Բաղդասարովի ընկերության գույքը կալանքի տակ էր դրված: Այդ պատճառով էլ ընկերության նախկին աշխատակիցները զարմացած են, թե ինչպես է ստացվել, որ Բաղդասարովն ազատորեն կարողանում է ինքնաթիռ վաճառել, այն դեպքում, երբ այն կալանքի տակ է դրված: «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել ընկերության հետ՝ պարզելու, ի վերջո, վաճառվեցի՞ն ինքնաթիռները, թե՞ ոչ: Սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

 




Լրահոս