Արդեն տեւական ժամանակ է` համառ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվելու ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախկին նախարար Յուրի Վարդանյանը: «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ պատգամավորների հետ` պարզելու նրանց կարծիքը նման պատասխանատու դիվանագիտական պաշտոնում Յուրի Վարդանյանի նշանակման շուրջ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
-Տիկին Զոհրաբյան, մեր տեղեկություններով՝ այժմ ակտիվորեն քննարկվում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանին Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու հարցը: Ինչ եք կարծում, արդյո՞ք Յ. Վարդանյանը կկարողանա այդ դժվարին դիվանագիտական աշխատանքը լավագույնս իրականացնել:
-Այո, նման աբսուրդային տեղեկատվություն մամուլում եղել է, ու եթե դա եւս իրականություն դառնա, որեւէ աբսուրդի վրա այլեւս չի կարելի զարմանալ։ Հատկապես վերջին շրջանում դիվանագիտական աշխատանքի այնպիսի պերսոնաժներ են նշանակվել, որ այլեւս ոչինչ չի կարող շոկ առաջացնել։ Անուն չնշեմ, սակայն ամիսներ առաջ մի երկրում դեսպան նշանակված անձը մինչեւ իր նշանակման երկիր մեկնելը տարել ու նոտարում թարգամանել եւ վավերացրել էր իր հավատարմագրերը։ Երբ այս պատմությունն ինձ պատմեցին, թվաց՝ անեկդոտ է։ Ցավոք, իրականություն էր։ Ուստի, եթե ձեր տեղեկատվությունը ճիշտ է, ապա ես պատկերացնում եմ, թե հայ-վրացական հարաբերություններին ինչպիսի «լեգենդար» փորձություններ են սպասվում։
-Ճիշտ է, Յուրի Վարդանյանը որպես նախարար այդքան էլ երկար չաշխատեց, սակայն, այդուամենայնիվ, նրա պաշտոնավարման ընթացքում կարծես թե ավելի շատ էին սկանդալներն ու տհաճ խոսակցությունները, քան ձեռքբերումները: Ավելին՝ սպորտի ոլորտի բազմաթիվ հեղինակավոր ներկայացուցիչների կարծիքով` նա պարզապես ձախողել է նախարարության աշխատանքները: Այդ ամենն աչքի առջեւ ունենալով` ըստ Ձեզ, ինչո՞ւ է երկրի ղեկավարը ցանկանում Յ. Վարդանյանին նման լուրջ պաշտոնի նշանակել:
-Այդ հարցը վստահաբար պիտի ուղղել նշանակողներին, եթե, իհարկե, կրկնում եմ, այդ տեղեկությունը հավաստի է։ Ընդհանրապես, եթե հետեւենք վերջին մի քանի տարիների տարբեր դիվանագիտական նշանակումներին, ապա տպավորությունն այնպիսին է, որ ում ուզում են լավություն անել՝ «գործուղում» են տվյալ պահին առաջին պատահած թափուր տեղը։ Ու բնավ կապ չունի այդ թափուր տեղը գործուղվածը ոլորտի հետ կապ ունի, թե՝ ոչ։ Եթե այդքան մեծ է լավություն անելու մղումը, ապա կարող են իրենց անձնական բիզնեսներից մասնահանում անել, կամ իրենց ժառանգության մեջ հիշատակել տվյալ անձանց։ Սակայն, ուղղակի անթույլատրելի է կարեւորագույն պոստերում էքսպերիմենտներ անելը: Կարծես՝ իշխանությունը «տաշած քարերի» մի կույտ ունի, որոնց ռոտացիոն կարգով տեղից տեղ է տեղաշարժում։ Քարկտիկների այս արատավոր շղթան մի օր պիտի ավարտվի։
-Տեսակետ կա, որ ՀՀ նախագահը դեսպաններին նշանակելիս առաջին հերթին հաշվի է առնում ոչ թե նրանց դիվանագիտական փորձառությունն ու գիտելիքները, այլ՝ բիզնես կարողություններն ու իր թիմից լինելու հանգամանքը: Եվ հենց նման մոտեցման արդյունքում է, որ բազմաթիվ երկրներում ՀՀ դեսպանները դիվանագիտական առաքելություն իրականացնելու փոխարեն զբաղված են սեփական բիզնես-շահերի առաջմղմամբ: Մի առիթով, Դուք էլ էիք նշել, որ ոմանց հիմնական բանուգործը ՀՀ-ից ժամանող պաշտոնյաների կանանց դիմավորելն ու շոփինգի ուղեկցելն է:
-Այո, հատկապես վերջին տարիներին նշանակված բազմաթիվ դիվանագետներ շատ արագ ինտեգրվեցին տվյալ երկրի բիզնես միջավայրին ու հիմա ակտիվորեն զբաղված են ոչ թե երկրի, այլ սեփական բիզնես շահերն առաջ մղելով։ Ձեռքի հետ էլ տարվա մեջ երկու միջոցառում են կազմակերպում` սեպտեմբերի 21-ին ֆուրշետ են անում ու ապրիլի 24-ին տեղի համայնքի հետ գլխիկոր կանգնում Ցեղասպանության հուշահամալիրի առաջ։ Ահա սա է նրանց դիվանագիտական գործունեության թոփ երկյակը։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
-Պարոն Բաղդասարյան, տեղեկություններ կան, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանն առաջիկայում Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվելու: Ըստ Ձեզ, Յ. Վարդանյանը կկարողանա՞ դիվանագիտական գործունեությամբ զբաղվել, այն էլ` մեզ համար այնպիսի կարեւոր երկրում, ինչպես Վրաստանն է:
-Ես շատ դրական եմ վերաբերվում իրեն, որպես ընկերոջ եւ որպես մարդու, իհարկե դիվանագիտական աշխատանքներում լավ ընկերը քաղաքական կատեգորիա չէ: Որպես դիվանագետ պետք է առաջին անգամ աշխատի, եթե նշանակումը լինի, ապա գնահատականը կտանք որոշ ժամանակ հետո:
-Բայց աչքի առջեւ ունենալով Յուրի Վարդանյանի՝ նախարարական չհաջողված գործունեությունն ու լարված հարաբերությունները թե՛ սպորտի բնագավառի ներկայացուցիչների, թե՛ լրատվական դաշտի հետ, արդյոք մտավախություն չունե՞ք, որ դիվանագիտական գործունեությունը դա լավագույն դաշտը չէ, որտեղ Յուրի Վարդանյանը պետք է իրեն դրսեւորեր:
-Եթե մի աշխատանքից տեղափոխում կամ ազատում է լինում, ապա դա չի նշանակում, որ վերագրել է պետք վատ աշխատանքին: Ես սպորտի հետ կապ չունեմ, բայց Յ. Վարդանյանի կողմից վատ աշխատանք չեմ նկատել: Կարող է՝ իր մոտ դիվանագիտական աշխատանքն ավելի լավ է ստացվում եւ այդ ընտրությունն ինքն է կատարել:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ