Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կրկին տարերքի մեջ է. նա հերթական անգամ փորձում է ցույց տալ, որ մինչ ընդդիմությունը «ճառում» է, կառավարությունը զբաղվում է ժողովրդին մտահոգող հարցերով: Բանն այն է, որ երեկ վարչապետ Հ.Աբրահամյանի մոտ քննարկվել են «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը: Այս իրադարձությունն ուշագրավ է այն առումով, որ Քառյակի հրապարակած 12 կետանոց պահանջներից մեկն էլ վերաբերում էր հենց վարչական իրավախախտումների դեպքում նշանակվող տուգանքների թեմային:
Այսպիսով, ըստ կառավարության հաղորդագրության. «Ճանապարհային երթեւեկության կանոնների հաճախակի խախտումների համար նախատեսված տուգանքների չափերի վերանայման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը զեկուցել է «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների մասին: Աշխատանքային խումբը ներկայացրել է ճանապարհային երթեւեկության կանոնների հաճախակի խախտումների դեպքերի, թվի, դրանց համար կիրառվող տուգանքների չափերի վիճակագրության եւ դրանց վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները»: Այնուհետեւ, նա հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին լրամշակել առաջարկվող փոփոխություններն ու օրինագծի վերջնական տարբերակը ներկայացնել ՀՀ կառավարության առաջիկա նիստի հաստատմանը:
Հիշեցնենք, որ Քառյակի հրապարակած 12 կետերից մեկում տուգանքների թեմայի մասով նշված է. «Վերանայել տեսանկարահանող եւ լուսանկարող սարքերի, կարմիր գծերի գործող համակարգերը, դրանց կիրառման արդյունքում պետական եւ համայնքային բյուջեի մուտքերի տեսակարար կշիռը հասցնել առնվազն 75 տոկոսի, սահմանել, որ տուգանքների եւ վճարների առավելագույն չափերը չեն կարող գերազանցել նվազագույն ամսական աշխատավարձի 10 տոկոսը»: ՕԵԿ-ը եւս հայտարարել է, որ լիովին համաձայն է ու կիսում է Քառյակի 12 կետերում նշված պահանջները: Ու հիմա ստացվում է, որ ԱԺ 6 խմբակցություններից 5-ը միակարծիք է այս հարցում:
Այս իրավիճակում Հովիկ Աբրահամյանը, ով մինչ այդ հայտարարել էր, որ իրենք կկատարեն Քառյակի պահանջների գոնե մի մասը, այժմ կառավարության այս նախաձեռնությամբ փորձում է ցույց տալ, թե այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ է տանում: Միայն թե, առնվազն միամիտ պետք է լինել՝ հավատալու իշխանությունների անկեղծությանը, կարծելու, թե նրանք մինչեւ վերջ կգնան նախանշված քայլերի իրականացմանը:
Ի վերջո, նույն Հովիկ Աբրահամյանը ժամանակին խոստանում էր վերացնել պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը, բայց… շատ կարճ ժամանակ անց պարզվեց, որ դա ասում էր ընդամենը ժամանակ շահելու եւ կրքերը հանդարտեցնելու համար, քանզի արդյունքում ունեցանք «պարտադիր, բայց ոչ պարտադրված» օրենք:
Դժվար չէ կռահել, որ նույն ճակատագիրն է սպասվում նաեւ այս նախաձեռնությանը: Առավելեւս, որ տեսանկարահանող եւ լուսանկարող սարքերի, կարմիր գծերի գործող համակարգերն այսօր ՀՀ պետական բյուջեի համար լուրջ մուտքեր են ապահովում: Առավելեւս, որ այսօր հարկերի հավաքումը դարձել է լուրջ խնդիր, եւ իշխանությունների հույսն այդ տուգանքներն են: Նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ արագաչափերից ու տեսանկարահանող սարքերից տարեկան ավելի քան 6 մլրդ դրամ մուտք է արձանագրվում պետբյուջե: Եվս մեկ կարեւոր փաստ. ԱՎԾ տվյալների համաձայն, 2013թ. ընթացքում ՀՀ պետական բյուջե «այլ հարկեր»-ից եկամուտն ավելացել է 21.7 տոկոսով, իսկ այս տարվա առաջին եռամսյակում «այլ հարկեր»-ն ավելացել են միանգամից 46 անգամ: Տեղեկացնենք, որ «այլ հարկեր»-ը հենց վերոհիշյալ վարչական իրավախախտումների համար ահռելի չափերի հասնող տուգանքներն են: Ու նման իրավիճակում ակնհայտ է, որ կառավարությունը այս անգամ եւս կդիմի կիսաքայլերի եւ ընդամենը իրավիճակը մեղմելու գործողությունների իմիտացիա կանի:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ կառավարության ներկայացրած օրինագիծը տեսնելուց հետո միայն իրենք կարծիք կհայտնեն: «Կգա օրենքն ԱԺ եւ այնտեղ կտեսնենք, թե որքանով են մեր ու հանրության ակնկալիքներն արդարացված: Տուգանքները, որ այսօր գործում են, խելագարության կանխավարկածի են»,- ասաց տիկին Զոհրաբյանը: Մեր հարցին, թե կարելի է ենթադրել, որ կառավարությունը սկսել է կատարել Քառյակի պահանջները, Զոհրաբյանը նշեց. «Ողջամիտ տրամաբանության դեպքում իրենք այդ առաջարկներին պետք է գնան ընդառաջ: Դրանք մեր անձնական առաջարկները չեն, դրանք ուղղակիորեն բխում են քաղաքացիների շահերից»:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը եւս նշեց, թե դեռեւս վաղ է գնահատական տալ կառավարության այդ քայլերին: «Հիմա դեռ շուտ է այդ մասին խոսելը»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ անձամբ ինքը կասկածում է, որ իշխանություններն այդ խնդիրները կլուծեն: «Կատարում են պահանջները՝ թող կատարեն: Մենք դեմ չենք: Մենք էլ ենք ուզում, որ իրենք կատարեն այդ քայլերը: Բայց հիմա գնահատական տալը դեռ շուտ է»,- ասաց նա:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ