«Մեր երկիրը շարունակելու է աշխատանքները Եվրամիության հետ քաղաքական երկխոսության ամրապնդման ուղղությամբ, ինչը կնպաստի բարեփոխումների շարունակականության ապահովմանը եւ ժողովրդավարության զարգացմանը»:
Հովիկ Աբրահամյան Tert.am
Վարչապետը երեւի մոռանում է, որ այս երգն արդեն վաղուց է երգվում, եւ արդեն չի լսվում: Երկու լարի վրա խաղալն իրեն այլեւս սպառել է: Անգամ «կամ- կամ»-ն արդեն ակտուալ չէ: Սակայն Հովիկ Աբրահամյանն, ինչպես երեւում է, խիստ պահպանողական է եւ այս անգամ էլ Շվեդիայի առեւտրի նախարարի մոտ ցանկացավ հին երգ կատարել: Հետաքրքիր է՝ մինչեւ երբ են շարունակելու նման հույսերով ապրել՝ ակնհայտ տեսնելով, որ այդ «երգացանկն» այլեւս պահանջարկ չունի:Լավ կլիներ, որ նորանշանակ վարչապետը նոր ձեւակերպումներ գտնի գործընկերների հետ շփումներում՝ հատկապես, որ «քաղաքականության համար շատ խելք պետք չէ»:
«Ես շատ չեմ կարեւորում Կիսիլեւին: Իմ կողմից անընդունելի է «Համմեր»-ի մուտքը ԱԺ բակ»:
Վահրամ Բաղդասարյան 168.am
Եթե ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի համար ռուս լրագրող Դմիտրի Կիսելեւի՝ «Համմերով» մուտքը ԱԺ տարածք իրոք անթույլատրելի երեւույթ է, ապա վերջինս պարզապես կարող էր թույլ չտալ դա, կամ ինչ-որ ձեւով ընդդիմանար: Ի վերջո, Բաղդասարյանը վերջին մարդը չէ ԱԺ-ում, որ միայն դժգոհի, այլ՝ մեծամասնություն կազմող խմբակցության ղեկավարն է: Եվ եթե իշխող խմբակցության ղեկավարը չունի այդքան կարողություններ, ապա ի՞նչ կարելի է ակնկալել Կիսիլեւին «օճառվող» պատգամավորներից: Կամ էլ հանդիպման բացասական արձագանքից հետո, Բաղդասարյանը որոշեց հետին թվով միանալ Կիսիլեւի ընդդիմախոսներին:
«Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը շատ զգայուն հարց է հազարավոր մարդկանց համար: Կարելի է աղքատության նկատելի աճ ակնկալել, եթե իսկապես նման որոշում ընդունվի»:
Միքայել Մելքումյան News.am
ԲՀԿ-ի սրտացավությունը եւ ժողովրդի մասին մտահոգվելը, ինչն արդեն հաճախ է ներկայացվում ԲՀԿ-ական պատգամավորների կողմից, պարզապես ապշեցնում է: Դեռ ոչ հեռու անցյալում էր, երբ այլընտրանքն իշխանություն էր եւ պաշտպանում էր ՀՀԿ-ի այն բոլոր որոշումները եւ քայլերը, որոնք այսօր անընդհատ թանկացումների հիմք են հանդիսանում: Իսկ հիմա հանկարծ այնքան սրտացավ դարձան, որ նույնիսկ «ստաժավոր» ընդդիմադիրները կնախանձեն: Ի դեպ, աղքատության աճը կապված է նաեւ օլիգարխների եւ նրանց ունեցվածքի աճի հետ, քանի որ նրանց ձեռքում են հիմնական միջոցները: Իսկ ԲՀԿ-ն օլիգարխների հարցում երբեք էլ աղքատ չի եղել:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ