ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԹԱՐՆ ՈՒ ԾԵԾՆ ԱՆԲԱԺԱՆ ԵՆ

Ավտովթարների հետեւանքով վարորդների միջեւ վիճաբանություններն ու ծեծկռտուքները թեեւ էական նվազել են ԱՊՊԱ համակարգի ներդրումից հետո, սակայն երբեմն պատահում են իրավիճակներ, երբ վթարներից հետո կատաղի ծեծ ու ջարդ է սկսվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հունիսի 1-ին նմանատիպ լարված իրավիճակ էր ստեղծվել Բագրատունյաց-Թադեւոսյան փողոցների խաչմերուկում. ժամը 23:45-ի սահմաններում «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենաներ բախվել են իրար: Ըստ ականատեսների՝ ավտոմեքենաներից մեկից մի քանի տղամարդ են իջել եւ դաժան ծեծի ենթարկել մյուս ավտոմեքենայի վարորդին: Փողոցում լուրջ իրարանցում է ստեղծվել, իսկ ծեծի ենթարկողներն իրենց գործն ավարտին հասցնելով, փախուստի են դիմել: Մեզ հասած տեղեկություններով՝ ծեծի ենթարկված «Մերսեդես»-ի վարորդ՝ ոմն Արմենի, տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Իսկ ահա հունիսի 13-ին հայտնաբերվել է Արմենին ծեծի ենթարկողը՝ 23-ամյա Գոռը: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը` հայտնելով, որ վերջինս ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԷՐ ԿՐԱԿՈՒՄ

Նախօրեին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանի հարազատներին թույլ չեն տալիս տեսակցել նրան: Այս մասին երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Հայկի եղբայրը` Սերգեյ Կյուրեղյանը: Նշենք, որ երեկ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբն այցելել էր Հայկին: Վերջինս դիտորդներին հայտնել էր.« Իմ բողոքը տվյալ ձեւով ներկայացրել եմ նրա համար, որովհետեւ, կարծում եմ՝ Շանթ Հարությունյանի գործն ընդհանրապես պետք է դատաքննության փուլին չհասներ: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ատրճանակով կրակելիս ամբողջությամբ գտնվել եմ գիտակից վիճակում եւ կրակ եմ արձակել միայն 4-5 տղամարդ ոստիկանների ուղղությամբ, եւ ես ոչ մի կին ոստիկանի ուղղությամբ կրակ չեմ արձակել»:
Սակայն Հայկի եղբայրը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ Հայկը Շանթի համախոհ չի եղել եւ, առհասարակ, չէր կարող նման բան լինել: Իսկ թե որտեղից է նա զենք ձեռք բերել, եղբոր համար էլ է զարմանալի:

ԵՐԿՈՒ ՀՈԳՈՎ ԱՂՋԿԱ ԵՆ ԾԵԾԵԼ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հունիսի 11-ին, Շենգավիթ վարչական շրջանի շենքերից մեկի բակում երկու երիտասարդ վիճաբանել են մի աղջկա հետ, իսկ այնուհետեւ ծեծի ենթարկել: Երիտասարդներն աղջկան՝ Արմինեին, ծեծելուց հետո, թողել են անօգնական եւ, նստելով ավտոմեքենա, հեռացել: Շենքի բնակիչները կատարվածի մասին հայտնել են ոստիկանությանը: Ըստ բնակիչների՝ աղջկան ծեծի ենթարկողներին նրանք հասցրել են ճանաչել. «քաջարի» տղաները Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներ 27-ամյա Ալբերտն ու նրա ընկեր Գագիկն են եղել: Մեզ հասած տեղեկություններով՝ ոստիկանությունում տղաները պատմել են, թե աղջկան ծեծի է ենթարկել միայն Ալբերտը: «Ժողովուրդ»-ի տեղեկությունները հաստատեցին ոստիկանությունից՝ հավելելով, որ քննություն է կատարվում:




Լրահոս