ԻՆՉՈՒ ԵՆ ԼՌՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012թ. հունիսի 17-ին, «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած միջադեպից հետո, որի հետեւանքով մահացավ զինվորական բժիշկ Վահե Ավետյանը, աղմկահարույց «ռազբորկաները» ոչ միայն չեն նվազել, այլեւ «թաղային հեղինակության» համարում ունեցող «քաղաքական գործիչների» անվան հետ կապված քրեածին պատմությունները շարունակվում են, իսկ արդարության կոչերով հանդես եկող եւ բողոքների ակցիա իրականացնող քաղաքացիական նախաձեռնության անդամները դադարեցրել են իրենց պայքարը:

Ավետյանի հարազատները եւ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը հայտարարել էին, թե հենց պատգամավորը պետք է պատիժ կրի հայ սպայի սպանության համար: «Ավելի խորքային փաստաբաններն իրենք կասեն՝ որոնք են այն հիմնավորումները, որով մենք փորձում ենք «Հարսնաքար»-ի գործում որպես կասկածյալ ներգրավել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին»,-ասել էր Դավիթ Սանասարյանը:
Ըստ Դավիթ Սանասարյանի՝ անպատժելիության մթնոլորտն ավելին էր, քան առանձին Ռուբեն Հայրապետյանի եւ իր թիկնազորի արածը. «Դա ավելի գլոբալ է։ Ես ցանկանում եմ կրկնել, որ մեր խնդիրն ինչ-որ անձի հետ չէ, մեր խնդիրը համակարգի դեմ է»:
Նախաձեռնության անդամների բազմաթիվ բողոքի ակցիաների արդյունքում Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց պատգամավորի մանդատից:
Ու չնայած նախաձեռնության անդամները պնդում էին, թե կատարվածն ինչ-որ անձի հետ չէ կապված, այլ խնդիրը համակարգի դեմ է, սակայն այսօրվա նրանց լռությունն, ըստ էության, մեկ այլ բան է ասում: Օրինակ՝ նախաձեռնության ձայնը չլսվեց, երբ 2013թ. հունիսի 1-ին, Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ կրակոցների հետեւանքով սպանվեց Գորիսի նախկին քաղաքապետի թեկնածու Ավետիք Բուդաղյանը: Կրակոցների հեղինակները մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը եւ նրա թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանն այսօր ազատության մեջ են, իսկ նրանց արարքը որակվեց որպես ինքնապաշտպանություն: Ավելին՝ մարզպետի եղբոր որդին էլ` Էյներ Խաչատրյանը, մշտապես ծեծկռտուքների կենտրոնում է, մարդ է առեւանգում, սակայն վերջում մնում անպատիժ. պարզվում է՝ նրա արարքում երբեք հանցակազմ չի լինում:
Կամ, օրերս էլ Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին` Սամվելը, ձերբակալվեց: Վերջինս հունիսի 6-ին՝ ժամը 22.50-ին, Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում կրակոցներ էր հնչեցրել: Կամ սույն թվականի մայիսի 17-ին «Վերնիսաժ»-ում ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի արձակած կրակոցները, երբ վիրավորվեց 5 հոգի:
Հետաքրքիր է, թե ինչու այս դեպքերի հետ կապված քաղաքացիական նախաձեռնության որեւէ անդամ կոչով հանդես չեկավ եւ չպահանջեց, որ նշված մարդկանց հարազատների «բեսպրեդելին» վերջ տրվի: Ինչու են լռում: Այս հարցերի պատասխանը ստանալու համար «ժողովուրդ»-ը զրուցեց ժամանակին նախաձեռնության ակտիվիստ Դավիթ Սանասարյանի հետ: Ըստ նրա` ճիշտ է, նախաձեռնությունն այս պահի դրությամբ, որպես այդպիսին, գոյություն չունի, սակայն առանձին անդամներ իրենց ասելիքն ասում են. «Երբ Բուդաղյանների դեպքը եղավ, այդ մասին խոսել եմ, նույնիսկ Գորիս գնացի եւ այդ մասին խոսեցի: Գիտեք, ես ամենակարողը չեմ, որ այդ բոլոր խնդիրների դեմ դուրս գամ: Չգիտեմ, մարդկանց մոտ, միգուցե, տպավորություն կա, որ Ռուբեն Հայրապետյանի դեմ անձնական խնդիրներ կային, բայց ես ինքս անձնական խնդիրներ չեմ ունեցել: Իսկ թե ինչու միասնական նախաձեռնություն չի ձեւավորվում, չեմ կարող ասել: Տարբեր դեպքերի ժամանակ տարբեր մարդկանց գիտակցության մակարդակ է լինում, տարբեր մոտեցումներ են լինում: Կրկնում եմ՝ տարբեր դեպքերի հետ կապված ես իմ գնահատականը տալիս եմ եւ այլ բան չեմ կարող ավելացնել»,-ասաց Դավիթ Սանասարյանը:
Փաստորեն ստացվում է, որ բողոքների ակցիաներ կազմակերպելու հարցում, ամեն դեպքում, նշանակություն ունի, թե ում դեմ է ուղղվում սլաքը, ով է «թիրախ»-ը: Եվ որքան էլ ներկայացվում է, որ այդ նախաձեռնություններն անձի դեմ չեն, ժամանակը եւ իրադարձությունների զարգացումները հակառակն են փաստում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս