Սովորաբար մարդկանց մոտ, այսպես ասած, «հավեսի» բացակայությունը նկատվում է արձակուրդային շրջանին նախորդող ժամանակահատվածում, երբ հոգնում են տարվա ընթացքում կատարած աշխատանքից: Իսկ մեր երկրում արդեն մի քանի տարի է, ինչ այդ առումով արձակուրդային տրամադրություններ են տիրում: Ընդ որում, այդ հոգեվիճակը մտել է իշխանական բուրգ ու դուրս չի գալիս:
Ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ գրել այս հոդվածը: Երբ աշխատանքի բերումով շփվում ենք ամենատարբեր մարդկանց հետ՝ սկսած բարձրաստիճան չինովնիկներից մինչեւ ամենաստորին օղակներում գտնվող աշխատակիցները, գրեթե բոլորի մոտ նկատվում է նույն ապատիան: Մարդիկ չեն ցանկանում աշխատել, ձգտում են անգործ նստել, հիմնականում օրեր մաշեցնել, մինչեւ ամիսն ավարտվի: Երբ սկսում ես հետաքրքրվել, թե ինչն է պատճառը, դժգոհության հազար ու մի պատճառ է բերվում, թե ինչը կարող է առաջացնել այդ իրավիճակը:
Տպավորություն է, որ որեւէ բան նախաձեռնելը, հետաքրքիր մտահղացումներով հանդես գալը մեր երկրում դարձել է մոռացված մի բան: Բոլորը սպասում են հրահանգների: Նախարարությունների բաժնի պետերն ասում են, թե մեզ պիտի հրահանգեն՝ ինչ անել: Վարչությունների պետերն ասում են՝ ինչ ասեն վերեւից, կանենք: Փոխնախարարներն աշխատանքի են գնում նախարարների տրամադրությունը ստուգելու անհագուրդ ցանկությամբ. եթե դրական եղավ, ուրեմն «տուն գնալը» կամ «գործով դուրս գալը» ապահովված է, իսկ եթե ոչ՝ ուրեմն կնստեն աշխատասենյակում, «շարիկ կգլորեն» համակարգչով, մի քիչ «թղթախաղ» կխաղան՝ էլի համակարգչով եւ վերջում «օդնոկլասսնիկի»-ի միջոցով գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ կզբաղվեն: Իսկ նրանց ներսուդուրսը, բնականաբար, ապահովված է խիստ արարողակարգով. վարորդ, ծառայողական մեքենա, քարտուղարուհու հոտնկայս ժպիտ եւ այսպես շարունակ:
Իսկ ինչ վերաբերում է նախարարներին, ապա նրանք գրեթե առանց բացառության, իրենց աշխատանքը համարում են անպտուղ, քանի որ երկրում այնպիսի վիճակ է, որ վարչապետը չի ոգեւորում աշխատող նախարարներին: Իսկ վարչապետն էլ մեղքը բարդում է ՀՀ նախագահի վրա՝ ասելով, թե ինքն անսահմանափակ լիազորություններ չունի եւ վերջնական բոլոր որոշումները կայացնում է ՀՀ նախագահը:
Ընդ որում, այս իրավիճակը մեր երկրում սկսեց սաղմնավորվել դեռ 4-5 տարի առաջ: Ու թեեւ ՀՀ Կառավարությունը դեռ նոր է ձեւավորվել, այնուամենայնիվ, «անհավեսությունն» իշխում է նաեւ այստեղ: Թերեւս դա է պատճառը, որ ինչքան էլ մեկ-երկու անհատ փորձում են համակարգային ռեալ բարեփոխումներ իրականացնել, այնուամենայնիվ, որեւէ բան չի ստացվում, իրավիճակը չի փոխվում:
Այստեղից մեկ հետեւություն կարելի է անել. մեր երկրում էնտուզիազմի բացակայությունը թելադրվում է վերեւից: Հետեւաբար գաղջ մթոնոլորտի վերացման անհրաժեշտության մասին խոսող Սերժ Սարգսյանն իր օրինակով պետք է ցույց տա, որ «հավեսով» է աշխատում, հավատում է իր արած գործի արդյունավետությանը եւ պահանջի նույնկերպ վարվեն նաեւ իր ենթակաները:
Քանի դեռ բուրգի վերեւի հատվածից չի գալիս մարդկանց «թելադրվող» ոգեւորությունը, նեքեւներում այս համընդհանուր հիասթափությունն անխուսափելիորեն կմեծանա: Այնպես որ՝ ապահով, բարեկեցիկ, երջանիկ Հայաստան կառուցելու խոստում տված Սերժ Սարգսյանը պետք է գործի՝ ընդ որում շատ արագ, որովհետեւ դժվար է պատկերացնել, թե ինչ ծանր հետեւանքների կհանգեցնի այս իրավիճակը:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ