Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում երկու օր առաջ կայացավ Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացումը, որը տեւեց մոտ մեկուկես ժամ։ Գունագեղ հագուստներով պարողները «Կորինտիանս Արենա» մարզադաշտում երկրպագուներին եւ միլիարդավոր հեռուստադիտողներին ցուցադրեցին իրենց երկրի արեւադարձային անտառների ողջ հարստությունն ու զանազանությունը, ներկայացրին երկրի պատմությունը եւ երեկոն թեժացրին սամբայի եւ ռումբայի ռիթմերով։
Ամբողջ աշխարհը 4 տարի շարունակ անհամբեր սպասում էր ֆուտբոլային այս հիանալի տոնին, որին եկել էին ներկա լինելու մոլորակի ամենահեռավոր ծայրերից: Սա իրոք որ այնպիսի տոն է, որը համախմբում է տարբեր ժողովուրդների եւ ազգերի` մեկ ընդհանուր վայրում: Չնայած նրան, որ Բրազիլիայում տեղի են ունենում մեծ բախումներ ժողովրդի եւ ոստիկանների միջեւ` ամբողջ աշխարհն այսօր ապրում է ֆուտբոլով եւ ուշի- ուշով հետեւում բոլոր խաղերին:Տարբեր մասնագետներ տարբեր կանխատեսումներ են անում, թե ով կդառնա աշխարհի գավաթակիր, բայց եւ այնպես հիմնական ֆավորիտներն են համարվում Իսպանիան, Բրազիլիան, Գերմանիան եւ Անգլիան:
Ամենասպասված միջոցառման ամենասպասելի հյուրն, իհարկե, երգչուհի Ջենիֆեր Լոպեսն էր, ով ռեփեր Պիտբուլի եւ երգչուհի Կլաուդիա Լեյտեի հետ կատարեց առաջնության պաշտոնական հիմնը՝ «We Are One» (Ole Ola) հիթը:
Բեմում գտնվող հսկայական ֆուտբոլային գնդակը հանկարծակի բացվեց, որի միջից էլ հայտնվեցին Լատինական Ամերիկայում մեծ ճանաչում ունեցող կատարողները։