Ինչպես արդեն հայտնել էինք` այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց մտահոգ քաղաքացիներ ակցիա էին անցկացնում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: Ակցիայի ընթացքում, ըստ որոշ տեղեկությունների, բերման է ենթարկվել 20-30 հոգի: Այս առնչությամբ իր մտահոգությունն է հայտնել ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը:
«Առաջին անգամը չէ, որ իմ խորին մտահոգությունը պետք է հայտնեմ բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիների նկատմամբ կիրառվող մեթոդների, քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարեն, վերջիններիս բռնության ենթարկելու և իրավունքները խախտելու ու ոտնահարելու վերաբերյալ: Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ ակցիա կազմակերպած քաղաքացիներին բերման ենթարկելն անընդունելի է և խիստ դատապարտելի:
Անթույլատրելի է իրենց իրավունքների պաշտպանության համար բողոքողների նկատմամբ նման վերաբերմունքի դրսևորումը, ինչը խորացնում է առանց այդ էլ առկա խորը լարվածության մթնոլորտը: Մեկ անգամ ևս պետք է հիշեցնեմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի օրենքի շրջանակներում ներկայացնել իր բողոքը և անհամաձայնությունը երկրի հասարակական և քաղաքական կյանքի վերաբերյալ:
Մեկ անգամ ևս զգոնության կոչ եմ անում և պահանջում եմ հարգել ՀՀ քաղաքացու ազատ կամահայտնության իրավունքը», – նշել է նա: