ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն օրերս ուշագրավ նվեր է արել ԱԺ մի խումբ պատգամավորների: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` խորհրդարանականներին գրքեր է ուղարկել՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանից» մակագրությամբ: Ըստ մեր աղբյուրների՝ վարչապետն այդպես է վարվել, քանի որ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանում հռչակված է գիրք նվիրելու օր: Տ.Սարգսյանի նվիրած գրքերը հոգեբանության եւ փիլիսոփայության ոլորտից են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` դրանք ձեռք են բերվել Հանրապետության հրապարակում գտնվող «Նոյյան տապան» գրախանութից: Սակայն ոչ բոլոր պատգամավորներին է բախտ վիճակվել նման նվեր ստանալ. Տ.Սարգսյանը գրքերը հիմնականում ուղարկել է ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներին: Թերեւս հասկանալի է, որ հայերեն վատ իմացող ՀՀԿ-ականներին դժվար թե հետաքրքրեր վարչապետի նվիրած գիրքը: Ամենաուշագրավը, սակայն, մեկ այլ հանգամանք է. գրքի վերջում մատիտով գրված է գրքի արժեքը, եւ նվիրելիս Տիգրան Սարգսյանը հարկ չի համարել այն ջնջել կամ ջնջել տալ: Տեղեկացնենք, որ այդ գրքերի արժեքը տատանվել է 6-7 հազար դրամի սահմաններում:
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳԻՐՔ Է ՆՎԻՐԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ