Չնայած թվացյալ ակտիվությանը, Հայաստանի ներքաղաքական կյանքն իրականում ընկղմված է խորը անորոշության մեջ: Ու թեեւ գալիք ընտրություններին այնքան էլ շատ ժամանակ չի մնացել, առայժմ հայտնի է միայն այն, որ կոալիցիոն երեք կուսակցություններն ընտրություններին մասնակցելու են յուրաքանչյուրն իր առանձին ցուցակով: Իսկ թե ինչպիսին կլինի այդ ցուցակների կազմը, դեռեւս հայտնի չէ: Այստեղ ամեն ինչ շրջանառվող խոսակցությունների եւ «իրազեկ աղբյուրներից» լրատվամիջոցներում ժամանակ առ ժամանակ հայտնվող վարկածների մակարդակում է: Հստակեցված չեն անգամ հիմնական կուսակցությունների համամասնական ցուցակների առաջին դեմքերի անունները: Ճշտված չեն նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուները: Բոլոր կուսակցություններում էլ ասում են, թե ցուցակները «սեւագիր» վիճակում են: Իրավիճակն այնքան անորոշ է, որ տարբեր քաղաքական գործիչներ եւ կրկին առաջադրվելու ցանկություն ունեցող պատգամավորներ մնացել են լրագրողների հույսին` վերջիններից փորձելով ճշտել, թե ինչ է որոշվել կոնկրետ իրենց հաշվով: Կարճ ասած` հայրենի քաղաքական դաշտը` «Հանրապետական» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների գլխավորությամբ, սպասման մեջ է: Իսկ ինչին են նրանք սպասում` եթե արդեն իսկ որոշել են, որ գալիք ընտրությունները լինելու են «հեղափոխական» եւ «որակապես այլ», եթե հայտարարել են, որ իրենց ցուցակներում լինելու են առավելապես կիրթ եւ բանիմաց մարդիկ, որ այս անգամ ԱԺ չեն անցկացնելու կիսագրագետ գործարարների եւ որ զգալի տեղ են տալու երիտասարդներին: Ինչն է ուրեմն այս հապաղման պատճառը: Իսկ պատճառը Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններն են, որոնց արդյունքին են շունչները պահած սպասում թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ճամբարում: Ընդ որում, անխտիր բոլոր կուսակցություններն իրենց համագումարները տեղափոխել են մարտի 4-ից հետո, երբ արդեն հայտնի կլինի, թե ով է տնօրինելու Ռուսաստանի եւ նրա ֆորպոստների քաղաքական ապագան, որպեսզի այդ ընթացքում ավելի հստակ կողմնորոշվեն իրենց մարտավարության մեջ: Ակնհայտ է, որ Ռուսաստանի նախագահական ընտրությունների արդյունքին է սպասում նաեւ Սերժ Սարգսյանը, որի` ՀՀԿ ցուցակը գլխավորել-չգլխավորելու հարցին այդպես էլ պատասխան չի տրվում: Իսկ այս համատարած սպասման առանցքում, անշուշտ, Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հեռանկարն է, որի հավանականությունը կապվում է Պուտինի վերընտրության հետ: Այն, որ աշխարհաքաղաքական գործընթացներում Հայաստանը մեծապես կախված է Ռուսաստանից, նորություն չէ, սակայն ինչպես երեւում է, առաջիկայում անգամ կուսակցությունների նախընտրական ցուցակներն են համաձայնեցվելու Մոսկվայի հետ: ՑԱՎՈՔ:
ՏԻԶԲՈՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ