Պատգամավորական մանդատի հարցը եւս, ինչպես հայտնի ասացվածքում, մեզանում որոշվում է տարիքային սկզբունքներից ելնելով: ԲՀԿ-ական Ռուբեն Գեւորգյանը` Ծաղիկ Ռուբոն, որոշել է նույն տեղամասում չառաջադրվել, քանի որ «ջուրը փոքրինն է». նա իր տեղը մեծամասնական ընտրակարգով կզիջի եղբորորդուն` ՀՀԿ-ական Արթուր Գեւորգյանին: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ռուբեն Գեւորգյանի հետ:
-Պարո՛ն Գեւորգյան, շաբաթ օրը տեղի ունեցած համագումարում հայտարարվեց, որ ԵԿՄ-ն սատարելու է Սերժ Սարգսյանին: Հաշվի առնելով այն փաստը, որ ԵԿՄ-ն ապաքաղաքական մարմին է, որպես ԵԿՄ վարչության անդամ՝ ինչպե՞ս եք գնահատում կայացված որոշումը:
-Ես համագումարին չեմ մասնակցել, քանի որ այդ օրերին գործուղված եմ եղել Արցախ: Եւ իմ մասնակցությունն էլ չունենալով ԵԿՄ-ի համագումարին` ըստ ԵԿՄ կանոնադրության` չեմ ընտրվել վարչության անդամ: Իսկ ինչ վերաբերում է ԵԿՄ-ի` Սերժ Սարգսյանին պաշտպանելուն, չեմ հասկանում Ձեր հարցի իմաստը, ինչի՞ց պետք է պաշտպանենք նախագահին, եթե նա իր կողմից որդեգրած քաղաքականությունն է վարում երկրում: Քաղաքականությունը կարող են պաշտպանել կամ չպաշտպանել քաղաքական ուժերը: Ես քաղաքական գործիչ եմ, եւ միշտ էլ ուղղորդվում եմ ինձ ներկայացնող կուսակցության եւ նրա առաջնորդի որոշումներով: Իսկ ԵԿՄ-ն թեկուզ որպես հասարակական կառույց ժամանակին քաղաքական դաշտում ունեցել է կողմնորոշիչ ու թելադրող դեր, սակայն այսօր չեմ կարող ասել, թե դա ինչքանով է պահպանվել, որովհետեւ դա միայն իրենով չէ պայմանավորված, այլ նաեւ երկրի ղեկավարի կամքի դրսեւորմամբ:
-Խոսակցություն կար, որ Դուք առաջադրվելու եք թիվ 5 ընտրատարածքում, ի՞նչն է պատճառը, որ մտափոխվեցիք: Վստա՞հ չէիք Ձեր ուժերի վրա:
-Թիվ 5 ընտրատարածքում նախկինում պտտվում էր մեկ այլ թեկնածուի անուն, եւ այդ ժամանակ իմ կուսակցության առաջնորդի առաջարկությամբ նախնական որոշում էինք կայացրել իմ՝ մեծամասնական կարգով առաջադրվելու մասին: Հետագայում, երբ հայտնի դարձավ իմ եղբոր որդու առաջադրումը, մեր մեջ փոխվեց նախնական որոշման տրամադրությունը: Իսկ պատճառը մեր արյունակցական կապի եւ Ծառուկյանի անձի ոչ ինտրիգային, այլ համերաշխության ու սիրո դաշտում գտնվելու գործոնն էր: Իսկ վստահ չլինելու խնդիրը բացառվում է, որովհետեւ 1991թ-ից Դավիթաշենում կայացած բոլոր մեծամասնական ընտրություններում միշտ հաղթել եմ: Այսօր խոսքը եղբորս որդու մասին է, ուրեմն որտեղ կա եղբայր հասկացությունը եւ արյան գաղափարը, ինձ համար առաջնայինը դա է:
-Ձեր գնահատմամբ, Վարդան Օսկանյանի մուտքով ԲՀԿ-ի վարկանիշը չի՞ նվազում. ի վերջո, նա ընկալվում է որպես Քոչարյանի մերձավորը, որին էլ ժողովուրդը վերագրում է մարտիմեկյան ոճրագործությունները:
-Նախ ասեմ, որ ամեն մարդ հասարակության մեջ հանդես է գալիս առանձին՝ իր տեսակով: Ձեր կողմից շեշտադրված անհատները, առանձին վերցրած, մեր երկրի կայացման գործում շատ մեծ ներդրում ունեն: Վարդան Օսկանյանն անկախ Հայաստանի ամենախելոք դիվանագետն է եղել, որն իր գործունեության ընթացքում միշտ էլ հանդես է եկել կտրուկ եւ հայանպաստ դիրքորոշումներով: Նրա մուտքը քաղաքական դաշտ երկրում տարվող թե՛ արտաքին եւ թե՛ ներքին քաղաքականության մեջ կբերի լուրջ դրական փոփոխությունների: Ինչ վերաբերվում է Ռ. Քոչարյանին, կասեմ, որ նա եղել է երկրի ուժեղ ղեկավար, եւ չեմ կարծում, որ երկրի ղեկավարման իր ժամանակաընթացքն առավել արդյունավետ ձեւով ավարտող նախագահին հարկավոր էր մարտի 1-ը:
-ԲՀԿ-ում ավարտվում է համամասնական ցուցակի ձեւավորումը, ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում ու ինչպե՞ս եք պատկերացնում ապագա խորհրդարանը:
-Չեմ պատկերացնում, որովհետեւ ԱԺ ձեւավորմանը մասնակցում են տարբեր քաղաքական ուժեր, իսկ իշխանության ու հասարակության կամքի դրսեւորումն այդ հարցում առայժմ անհայտ է: Երկրի եւ ժողովրդի համար պատասխանատվություն կրող ուժեր են պետք խորհրդարանում, այսինքն` հայրենանպատակ քաղաքականությամբ տոգորված, ազգային արժեքներ կրող քաղաքական գործիչներ: Ինձ թվում է, որ նման սկզբունքով էլ կձեւավորվի ԲՀԿ-ի համամասնական ցուցակը:
-Արդյո՞ք ԲՀԿ-ն կպայքարի ազատ եւ արդար ընտրությունների կայացման համար, թե՞ հերթական անգամ կխաղա ՀՀԿ-ի հետ, որպեսզի ընտրությունների արդյունքը գոհացուցիչ լինի:
-Երբ կուսակցությունը ժողովրդի մեջ հզոր է իր էլեկտորատով, նրան առավել եւս անհրաժեշտ են ազատ եւ արդար ընտրություններ: Կեղծիքն ու սեւացնելը թույլերի բանն է: ԲՀԿ-ն հզոր եւ ուժեղ քաղաքական ուժ է եւ պետական ամեն մի ծրագիր իրականացնելու համար ունենալով հուսալի քաղաքական թիմ եւ ժողովրդի մեջ հզոր ընտրազանգված` համոզված է, որ ԱԺ առաջիկա ընտրություններում ձեռք բերվող իր հաջողություններով կկարողանա կառավարությունում զբաղեցնել այնպիսի վստահելի ոլորտներ, որոնք հնարավոր կդարձնեն բարեկեցիկ եւ բարգավաճ երկրի կառուցումը: Մեր կուսակցության առաջնորդի նպատակը բարգավաճ երկիր ունենալն է: Ինչ վերաբերում է ազնիվ եւ արդար ընտրությունների անցկացմանը, դա պետք է պարտադիր պայման լինի իշխանությունների համար եւ պետք է լինի նրանց կամքի դրսեւորումը: Ի վերջո, իշխանությունը պետք է ընդունի, որ ԱԺ-ն չպետք է ձեւավորվի ըստ իրենց կարիքի, չէ՞ որ ժողովուրդն ավելի ուժեղ է, քան կարիքը:
ԻՆՉՈՒ ՉԻ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ԾԱՂԻԿ ՌՈՒԲՈՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ