«Հարսնաքարի» գործով վճիռը կբողոքարկվի Վճռաբեկ դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա հունիսի 17-ին Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի «Քիթ – կոկորդ – ականջ» բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանի սպանության գործով առաջին ատյանի դատարանի վճիռը Վերաքննիչ քրեական դատարանն այսօր թողեց անփոփոխ:

Հիշեցնենք, որ դատավճռի համաձայն` գործով բոլոր 6 ամբաստանյալները՝ համալիրի անվտանգության աշխատակիցներ Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը, առաքիչ Արթուր Բաբլոյանը և մատուցող Դավիթ Ադամյանը, դատապարտվել էին 12 տարվա ազատազրկման:

Առաջին ատյանի դատավճռով մեղավոր էին ճանաչվել նույն մեղադրանքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի  112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ  կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը, 113-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին և 3-րդ կետերով, այն է` մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, 118-րդ հոդվածով՝ ծեծը:

Armlur.am-ի հետ զրույցում ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանի, Արման Խաչատրյանի, ինչպես նաև` համատեղությամբ Արման Բաղդասարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ իրենք միանշանակ առաջին ատյանի դատարանի դատավճիռն ու Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բողոքարկելու են Վճռաբեկ դատարան:

«Մենք բողոքարկելու ենք ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Անհերքելի փաստ է, որ խախտվել են արդար դատաքննության իրավունքները:

Վերաքննիչի դատավորների որոշումը կայացվել է իրենց նպատակահարմարությունից ելնելով»,- ասաց պաշտպան Ե. Սարգսյանը:

Տաթև Հարությունյան




Լրահոս