Ինչպե՞ս են մարվելու Աշոտ Տոնոյանի` «Տոնուսի» Աշոտի թողած պարտքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հանկարծամահ եղած հայտնի գործարար, ԲՀԿ-ական պատգամավոր Աշոտ Տոնոյանի ունեցած պարտքերը չեն ներվելու: Եվ սա ոչ թե «Տոնուսից» տուժածների երազանք է, այլ`օրենքի պահանջ:

Այսպես, «Տոնուս քոնսթրաքշնս» շինարարական կազմակերպության սեփականատիրոջ` «Տոնուսի Աշոտի» սնանկացման պատճառով Դավիթաշեն թաղամասում և Փափազյան փողոցի հարևանությամբ ընկերության կառուցած շենքերում ձեռք բերած բնակարանները կորցնելու վտանգի առաջ հայտնված քաղաքացիները մինչ օրս հուսահատորեն սպասում են արդար դատաստանի:

Միայն 2013թ.-ի ամռանն անհամբեր իրենց բնակարանամուտին սպասող քաղաքացիներն իմացան, որ «Տոնուսի» կառուցած երկու շենքերը վաղուցվանից բանկից վարկ վերցնելու դիմաց գրավադրված են եղել «Արցախբանկում», իսկ Աշոտ Տոնոյանը հետագայում սնանկ է ճանաչվել ու անհետացել` կառուցած շինությունները թողնելով բանկին, իսկ խաբված մարդկանց` ձեռնունայն:

Հենց այդ ժամանակ էլ մարդիկ սկսեցին բնակարանները հետ պահանջել «Արցախբանկից», մանավանդ որ այս ողջ պատմության մեջ բանկն էլ իր մեղքի բաժինն ունի:

Բանն այն է, որ երբ Աշոտ Տոնոյանն իր շինությունները գրավադրել է բանկում` այդ շինությունների բնակարանների մեծ մասն արդեն գնված է եղել, ուստի բանկն իրավունք չուներ գրավ վերցնել այն բնակարանները, որոնց համար վճարված էր: Բացի այդ, թե՛ Տոնոյանը, թե՛ «Արցախբանկի» ղեկավարությունը պարտավոր էին բնակարանները ձեռք բերողներին զգուշացնել դեպքերի հետագա զարգացման, իրենց բնակարանները գրավ դնելու մասին և նրանց թույլտվությունը ստանային: Բայց նման բան չի եղել, և քաղաքացիներն իրենց բնակարանների գրավադրման մասին իմացել այն ժամանակ, երբ «Տոնուսն» արդեն լուծարվել էր:

Մինչդեռ ինչպես հավաստիացնում է տուժող կողմը, այսօր «Արցախբանկը» հայտարարում է, թե ինքը տեղյակ չի եղել, որ այդ բնակարանները գնված են եղել, այն դեպքում, երբ քաղաքացիները բնակարանների համար վճարումների մեծ մասը կատարել են հենց «Արցախբանկի» միջոցով:

Ինչպես Armlur.am-ին տեղեկացրեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, բոլոր դեպքերում, եթե մահացողը ֆիզիկական անձն է, ապա պարտքը, ինչպես և գույքը, ժառանգվում է:

«Եթե պարտք է ընկերությունը` իրավաբանական անձը, իսկ նա չի մահացել, այլ բաժնետերը կամ սեփականատերն է մահացել, ապա սեփականությունը ժառանգողն էլ պետք է պարտքերը մարի: Եվ անկախ ամեն ինչից, պարտքը չմարելու ոչ մի ձև չի կարող լինել»,- պարզաբանեց իրավապաշտպանը:

Այսպիսով, տեղի ունեցածից անկախ` չի փոխվում նաև «Տոնուս» ընկերությունից տուժածների վիճակը: Թե ինչ է լինելու շինարարական կառույցի հետագան, հիմա ավելի անհայտ է: Նույնքան անհայտ է, թե ընկերության զոհ դարձածների ստանալիք բնակարանները կամ գումարները որքան և ինչպես են սառեցվելու:

Տաթև Հարությունյան




Լրահոս