Այս կիրակի ամերիկացի կոնգրեսականները հարամեցին Սերժ Սարգսյանի եւ Սամվել Նիկոյանի հանգիստը: Թեեւ կիրակին Հայաստանում եւս համարվում է ոչ աշխատանքային օր ու վերաբերում է նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներին, սակայն Ս.Սարգսյանն ու Ս.Նիկոյանն այս կիրակի ստիպված են եղել գնալ աշխատանքի` ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպելու համար:
Ընդ որում, խոսքը ոչ թե ԱՄՆ կոնգրեսի ղեկավարների, այլ սովորական պատգամավորների մասին է: Բայց միայն սա չէ ուշագրավը. նրանք կիրակի օրով ոչ թե Հայաստան էին ժամանել, այլ մեկնելիս են եղել Աֆղանստան: Պարզապես ճանապարհին ինքնաթիռը վայրէջք էր կատարել Երեւանում` հավանաբար լիցքավորվելու համար: Եւ սա արդեն բավական էր, որպեսզի ՀՀ Սահմանադրությամբ երկրի առաջին ու երկրորդ պաշտոնյաները «զոհաբերեին» իրենց հանգիստը` ընդունելով ամերիկացի պաշտոնյաներին: Ի դեպ, այդ փաստը ֆիքսել էր նաեւ նախագահական նստավայրը` իր տարածած հաղորդագրության մեջ նշելով. «Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ովքեր Հայաստան են ժամանել ԱՄՆ-ից Աֆղանստան ճանապարհին»:
Զարմանալի զուգադիպությամբ, Սարգսյանն ու Նիկոյանը նման քայլի դիմեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ կառավարությունը հայտարարեց 2013թ. բյուջեում Հայաստանին տրամադրվող օգնությունը կրճատելու մասին: Այն, որ ԱՄՆ-ի հետ Հայաստանը պետք է ունենա սերտ հարաբերություններ, ու դա անհրաժեշտ է երկրի համար, որեւէ մեկը չի առարկում: Ավելին, ամերիկացի դիվանագետների հետ շփումները առավել քան անհրաժեշտ են: Միայն թե անհասկանալի է` ինչու են երկրի առաջին ու երկրորդ դեմքերն իրենց ժամանակը հատկացրել Հայաստանով Աֆղանստան գնացող պատգամավորներին, այն էլ կիրակի օրով ընդունելու համար: Իսկ ո՞ւր մնաց սեփական արժանապատվության ու դերի գիտակցումը, մի՞թե Սերժ Սարգսյանն ու Սամվել Նիկոյանը հաճույք են ստանում՝ օտարերկրացիների մոտ նվաստանալով:
Ստեղծված իրավիճակն ավելի պարզ հասկանալու համար բերենք հետեւյալ օրինակը. պատկերացրեք` հայ պատգամավորները Բրազիլիա մեկնելու ճանապարհին օթեւանեն Ֆրանսիայում, եւ այդ ընթացքում հանկարծ նրանց ընդունեն Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ու Սենատի ղեկավար Ժան Պիեր Բելին: Ամենավառ երեւակայության դեպքում անգամ անհնար է նման բան, որքան էլ Ֆրանսիան իրեն համարի Հայաստանի բարեկամ երկիր եւ օրենք ընդունի Հայոց Ցեղասպանությունը ժխտողներին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին: Սա ոչ թե այն պատճառով, որ ֆրանսիացիները չեն հարգում հայ խորհրդարանականներին, այլ որ ֆրանսիացի պաշտոնյաներից ամեն մեկն ունի իր կշիռը, գիտակցում է` ով է ինքը եւ ինչ տրամաչափի պաշտոնյաների հետ պետք է գործ ունենա:
Այս համատեքստում, թերեւս, արժի հիշատակել նաեւ Սերժ Սարգսյանի` Մոսկվա կատարած այցերից մեկը: Շատերն են հիշում, թե Սերժ Սարգսյանին ինչպես ընդունեց Վլադիմիր Պուտինը: ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը ստիպված էր Կրեմլի միջանցքներում ժամերով սպասել ՌԴ վարչապետին, մինչեւ վերջինս կավարտի իր գործերը, եգիպտացորենի բերքահավաք կանի ու երեկոյան 23-ի սահմաններում ընդամենը 15-20 րոպե կհատկացնի իր հետ զրուցելու համար: Ի դեպ, այդ հանդիպումը եւս իր բոլոր մանրամասներով լուսաբանվեց «Հայլուր»-ով:
Այս ամենից հետո նման երեւույթները Սերժ Սարգսյանի համար դարձել են սովորական: Միայն թե` նրա այս պահվածքը շատերի մոտ, մեղմ ասած, խղճահարություն է առաջացնում:
Ի դեպ, ամերիկացի կոնգրեսականները Սերժ Սարգսյանի ընդունած միակ «երեւելի» հյուրերը չեն: Նախագահականի պաշտոնական կայքից պարզ դարձավ, որ վերջին ընթացքում Սերժ Սարգսյանն ընդունել է նաեւ ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Զուբկովին, «Ռոսսելխոզբանկ»-ի խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշեւի գլխավորած պատվիրակությանը, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինին, ՖՐՈՆՏԵՔՍ-ի գործադիր տնօրեն Իլկա Լայտինենին: Մի խոսքով` Հայաստան այցելած բոլոր մանր ու միջին օտարերկրացի չինովնիկներին, որոնք ցանկություն են հայտնել հանդիպելու Սերժ Սարգսյանին: Ընդ որում, ամենեւին էլ կարեւոր չէ, թե ինչ է խոսվում այդ հանդիպումների ժամանակ` համատեղ բիզնեսի՞, գումարների շրջանառությա՞ն, թե՞ երկրի քաղաքականությանն առնչվող հարցեր:
ԱՆՀԱՆԳԻՍՏ ԿԻՐԱԿԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ