ԹԱՄԱՄԸ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ՞
«Մենք, ցավոք սրտի, ապացուցեցինք, որ բացի Վռամ Բաղդասարյանից, մեղավոր չէ նաեւ Հովհաննես Թամամյանը»,-հայտարարել է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը` անդրադառնալով 2010-ի մայիսի 12-ին Արաբկիրում տեղի ունեցած սպանությանը, որի հետ կապված փաստերը խեղաթյուրելու համար էր, որ զբաղեցրած պաշտոնից ազատվեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, որի գործն այժմ գտնվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: «Մարդն իրոք մեղավոր չէր: Առաջին անգամ, երեւի, Հովհաննես Թամամյանը փորձեց օրենքով շարժվել»,-ասել է Դանիելյանը:
ԳՐԱՆՏԱԿԵՐՆԵՐԸ
Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Միքայել Դանիելյանը հայտարարել է, որ դատախազ Կորյուն Փիլոյանը Հայաստանում կոռուպցիայի «պապան» է, եւ որ իրենց մեղադրում են գրանտակերության մեջ, բայց դատախազությունն ԱՄՆ կառավարությունից 20 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է ստացել: Միեւնույն ժամանակ Դանիելյանը խոստովանել է, որ Հելսինկյան ասոցիացիան միջազգային կազմակերպություններից երկու տարում 120.000 ԱՄՆ դոլարի գրանտ է ստացել:
ԱՆԲԱՐՈ Է
ՀՀ Ազգային Ժողովում 1999 հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործով գլխավոր դատապարտյալ Նաիրի Հունանյանը, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի կարծիքով, քաղբանտարկյալ է: «Այո՛, նա քաղաքական բանտարկյալ է, ինչպես Նելսոն Մանդելան եւ Օջալանը, որովհետեւ իրականացվածը հեղաշրջման փորձ էր: Նա ցանկանում էր հեղաշրջում կատարել»,-ասել է Դանիելյանը: Նրա այս հայտարարությանն «Առաջին լրատվական»-ում արձագանքել է ՀԱԿ ներկայացուցիչ Սուրեն Աբրահամյանը: «Անբարոյականություն է հոկտեմբերի 27 իրականացնողներին քաղբանտարկյալ համարելը»,-շեշտել է ՆԳ նախկին նախարարը:
274 ԴԻՏՈՐԴ
ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) որոշել է Հայաստան գործուղել 24 երկարաժամկետ եւ 250 կարճաժամկետ դիտորդներ` մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:
ԱՅՍՈՒՀԵՏ ԱՆԿԱՆԽԻԿ
2012թ. հուլիսից ուժային կառույցների կենսաթոշակառուների կենսաթոշակները կվճարվեն միայն անկանխիկ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության այս որոշումն այսօր կներկայացվի կառավարության հաստատմանը: Սկսած 2012թ. հուլիսից` ուժային համակարգերի կենսաթոշակառուներն իրավունք կստանան ինքնուրույն ընտրել այն բանկը, որից ցանկանում են ստանալ կենսաթոշակ: Այդ նպատակով բանկին կտրվի ամսական 30 դրամ ծառայության վճար:
ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ
Փետրվարի 12-ին Հրազդանի քաղաքապետի ընտրություններում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնի կողմից ընթացք է տրվել 7 հաղորդումների, որոնցից 4-ը` մամուլի հրապարակումների հիման վրա: ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքում ընթացք է տրվել թվով 4 հրապարակումների. ստուգվում են hetq.am, armlur.am, a1plus.am եւ news.am կայքերում տեղ գտած հոդվածներում մատնանշված հանգամանքները:
ՀԻՄԱ ԷԼ ԲԼՈԳԵՐԻՆ
Բլոգեր Արգամ Ուստյանն իր argamblog.com կայքում վերջերս տեղեկացրել էր, որ վերաբացվել է դերասանուհի Անժելա Սարգսյանի` պոռնոլուսանկարներով կայքը: Անժելա Սարգսյանն ինքն է դիմել ոստիկանություն` նշելով, որ իր նկարներն օգտագործվում են բլոգի դիտումները շատացնելու եւ ռեյտինգ ապահովելու համար: Henaran.am-ի տվյալներով` Արգամ Ուստյանի գործն արդեն ուղարկվել է քննչական վարչություն: Առաջիկա օրերին պարզ կլինի նրա ճակատագիրը: Բլոգերը մեղադրվում է պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու մեջ: