ՏՆԱՎԱՐԻ ԴԱՏ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ  Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Աբովյան) դատարանում շարունակվում էր  2011 թվականի սեպտեմբերի 5-ին  ՀՀ ոստիկանության հոսպիտալում բուժքրոջ սխալ ներարկման պատճառով չորս տարեկան Վալերի Սեյրանյանի մահվան գործով  դատավարությունը: Որոշվել էր արագ դատական կարգի միջոցով վճիռ կայացնել, քանի որ 4-ամյա տղայի մայրը` Ելենա Գալստյանը,  հոգեկան ծանր վիճակում է եւ չի կարողանում ներկա գտնվել դատավարությանը: Սակայն երեկ` երեխայի  հարազատների  բողոքից հետո, դատական նիստը հետաձգվել է:
«Ժողովուրդ»-ը դեռեւս անցած տարվա սեպտեմբերին  տեղեկացրել էր այս դեպքի մասին: Մի քանի բառով հիշեցնենք գործի նախապատմությունը: Վերը նշված օրը 4-ամյա երեխան ցավեր էր ունեցել կույրաղիքի հատվածում եւ սկսել փսխել, ինչի պատճառով նրան  տեղափոխել էին ոստիկանության հոսպիտալ, որտեղ, սակայն,  մի քանի ժամվա մեջ երեխան մահացել էր:
Վալերիի պապիկը մեզ հետ զրույցում նշել էր, որ երեխան մահացել է 56-ամյա բուժքրոջ սխալ ներարկման պատճառով. «Մի բուժքրոջ, որ դեղերը խառնում ա իրար, ախր դրանք անգամ տարբեր ձեւի են, ո՞նց կարելի էր խառնել, երբ անգամ բոլոր անձնակազմը հայտարարում ա, որ այդ  բուժքույրն արդեն 22 տարի ա` իրենց հետ ա աշխատում: Մենք արժանի պատիժ ենք ուզում, մենք չենք ուզում, որ իրան ստորագրությունով բաց թողնեն»,-պահանջում է մահացած երեխայի պապիկը: Նշենք, որ բուժքույր Թամարա Եվդոկիմովնային ստորագրությամբ բաց էին թողել` քաղաքից չհեռանալու պայմանով: 4-ամյա տղայի հարազատները պահանջում են նաեւ պատժել այն բոլոր բժիշկներին, որոնք երեխայի կողքին են եղել, սակայն որեւէ քայլ չեն ձեռնարկել նրա կյանքը փրկելու համար:
Վալերի Սեյրանյանի հարազատները պնդում են, որ այդ անպատասխանատու քայլի համար պետք է պատժվի հոսպիտալի ողջ անձնակազմը եւ ոչ թե միայն բուժքույրը, քանի որ տնօրենից սկսած` ոչ ոք իր «տեղում» չի եղել. «Քննիչն իր աշխատանքը նորմալ չի կատարել, այդ պահին անէսթեզիոլոգից մի հատ անալիզ չի վերցրել,  կարող ա ինքը հարբած ա եղել: Մենք որ լսեցինք էդ լուրը, ներս մտանք, սաղ փախած էին, մեկը չկար, վախից փախել էին»: Տեղեկացանք նաեւ, որ Վալերին ընտանիքի միակ երեխան էր: Նրա մայրը զավակի մահվան պատճառով հոգեկան խանգարումի  մեջ է եւ անգամ ինքնասպանության մասին է մտածում:
Դեպքից հետո փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 130-րդ հոդվածի 2-րդ մասով` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը: Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում, պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով: Գործը դատարան է ուղարկվել  2011 թվականի նոյեմբերի 30-ին, այն գտնվում է դատավոր Հրայր Սարգսյանի վարույթում:
Գործի մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Թամարա Եվդոկիմովնային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով ՀՀ ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի անէսթեզիոլոգիայի եւ վերակենդանացման բաժանմունքում որպես բուժքույր եւ հանդիսանալով բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող անձ, 2011թ. սեպտեմբերի 5-ին` ժամը 13:00-ի սահմաններում, սուր ապենդիցիտ ախտորոշմամբ ՀՀ ոստիկանության բուժվարչության հոսպիտալ ընդունված, Երեւան քաղաքի էրեբունու համայնքի 31 շենքի 4-րդ բնակարանի բնակիչ, 2007թ. ծնված Վալերի Սեյրանյանին վիրահատությանը նախապատրաստելու ժամանակ, բժշկի կողմից ստանալով համապատասխան ցուցում  երեխային ֆիզիոլոգիական լուծույթ միացնելու մասին,  իր մասնագիտական պարտականությունները կատարելիս դրսեւորել է հանցավոր անփութություն, այն է` չի կարդացել բժշկական լուծույթի վրա առկա գրառումը, ինչի արդյունքում նատրիումի քլորիդի լուծույթի փոխարեն Սեյրանյանին կալիումի քլորիդի լուծույթի ներերակային ներարկում է միացրել, ինչի հետեւանքով Սեյրանյանը մահացել է:
Վալերիի տատիկը` Անժելա Վերդյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ հունվարի 20-ից սկսած դատավարությունն արդեն վերջանում է, սակայն առանց նորմալ դատաքննության: Տեղեկացանք, որ Վալերիի մայրը համաձայնել է արագ դատավարությանը, քանի որ չի կարողանում դատարանում հանդիպել իր որդու մահվան պատճառ հանդիսացող կնոջը: «Իրենք էլ տնավարի դատ են ուզում անցկացնել, բայց տենց բան չի կարա լինի, քանի որ դրանով միայն պատժելու են բուժքրոջը, բայց Վալերիի մահվան համար ամբողջ բուժանձնակազմն է մեղավոր: Երեկ որոշել էին երկու դատական նիստից հետո կարդալ վճիռը, բայց մեր ոչ մի հարազատ համաձայն չէր. բողոքեցինք, որոշեցին հետաձգել դատը: Մենք թույլ չենք տա, որ մենակ բուժքույրը պատժվի մեր անմեղ էրեխու մահվան համար»,-նշեց Վալերիի տատիկը: Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 29-ին` ժամը 11:00-ին:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս