Ուշագրավ նորություն. Գյումրիում ինքնաթիռաշինությունը դադարեցված է: Դեռեւս ամիսներ առաջ տեխնոքաղաքի կառուցման ջատագովներն ի լուր աշխարհի բարձրաձայնում էին, որ Գյումրին կարող է վերածվել ինքնաթիռաշինության կենտրոնի, այստեղ է, որ նախագծելու էին բոյինգներ եւ այդ նախագծերը բարձր գներով վաճառելու զարգացած եվրոպական երկրներին: Սակայն պարզվում է, որ դեռեւս չմեկնարկած, ավիաշինությունը 2-րդ քաղաքում դադարեցվել է: Ավելին, պարզվում է, որ տեխնոքաղաքի կառուցման գաղափարի (առայժմ միայն ու միայն գաղափարի) վրա խոշոր գումարներ ծախսելուց հետո էլ Գյումրին մոտ ապագայում չի կարող վերածվել տեխնոքաղաքի: Պնդելով հանդերձ, որ տեխնոքաղաքի կառուցումը ամենեւին էլ ֆանտազիա չէ, Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամում նշում են, որ դեռեւս 8-12 տարի կպահանջվի, որպեսզի գյումրեցին ապրի իր երազած կամ, ավելի շուտ, վարչապետ Տ.Սարգսյանի պատկերացրած տեխնոքաղաքում: Իսկ առայժմ տեխնոքաղաքի շինարարության համար անգամ մրցույթ հայտարարված չէ: Թե այս ընթացքում ինչ ուղղությամբ են աշխատել, որ նոր-նոր են շինկազմակերպության մրցույթի հարց բարձրացնում, դժվար է ասել: «Մենք կարծում ենք, երեւի թե փետրվարի վերջ, մարտին մրցույթը հայտարարվի, որովհետեւ համաշխարհային բանկն ու ֆիննախն են անելու, եւ մենք սպասում ենք»,-ասում է «Տեխնոպարկ» հիմնադրամի տնօրեն Գուրգեն Պարոնյանը: Հիշեցնենք նաեւ, որ նախորդ տարեվերջին էր, երբ Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հիմնադրամի տնօրենը լրագրողներին ներկայացրեց բիզնես գաղափարների մրցույթի հաղթողներին: Նրանք 3-ն էին` մեկը՝ գյումրեցի, մյուսը՝ ամերիկահայ, երրորդը` իրանահայ: 3-ն էլ հավաստիացրին, որ գաղափարների մրցույթի համար հատկացված 14 մլն դրամով հնարավոր կլինի կարճ ժամկետում կյանքի կոչել բիզնես գաղափարները: Կենտրոնից ճշտեցինք, որ բիզնես գաղափարներն էլ են ինքնաթիռաշինության նման թղթի վրա մնացել: Պարզվում է` դեռեւս մտածում են` որտեղից ձեռք բերել անհրաժեշտ սարքավորումները, որտեղ են դրանք ավելի մատչելի: Հավաստիացնում են, որ 14 մլն դրամը դեռեւս չի ծախսվել:
Իսկ ինչո՞ւ է կասեցվել ինքնաթիռաշինության գաղափարի իրագործումը: Ուշագրավն այն է, որ «Տեխնոպարկ» հիմնադրամի ներկայացուցիչները դեմքի շատ լուրջ արտահայտությամբ են խոսում այդ մասին եւ տալիս հետեւյալ բացատրությունը. «Կասեցրել ենք «Միկա պրոգրես տեխ»-ի նախաձեռնությամբ: Դա այդ ընկերության խնդիրներից էր կախված: Իրանք ասեցին` էկե՛ք կասեցնենք»: Եւ չնայած չկա արված որեւէ կոնկրետ գործ, որի մասին պետք է թմբկահարել ու խոսել, միեւնույն է, տեխնոքաղաքի «շինարարները» դժգոհ են լրատվամիջոցների աշխատանքից: Նրանց խոսքերով` լրագրողների վատ աշխատանքն է պատճառը, որ գյումրեցիները գաղափար չունեն, թե իրենք էստեղ ինչ են շինում: Ահա թե ինչու որոշել են առաջիկայում հանդիպումներ եւ կլոր սեղաններ կազմակերպել ակտիվ ՀԿ-ների, ԶԼՄ-ների հետ, ներկայացնել ու բացատրել տեխնոքաղաքի կառուցման համակարգը: Երեւի այդ ուղղությամբ էլ գումարներ կծախսվեն, եւ դա կդիտվի որպես տեխնոպարկի ստեղծման բաղկացուցիչ մաս:
Գյումրի