Երեկ հավաքվածները պայքարում էին մի հարցի համար, որը վերաբերում է անխտիր բոլորին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ, Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանների գործողություններն այլ կերպ, քան հանցագործություն սեփական քաղաքացիների դեմ, դժվար է որակել:

Չնայած Հանրային ծառայությունները կարգավորող հանծնաժողովի գրասենյակի մոտ քաղաքացիների ակցիան խաղաղ բնույթ է կրել, սակայն ոստիկանները մարդկանց քաշքշելով, ծեծելով բերման են ենթարկել. ինչպես հրահանգել է ոստիկաններից մեկը՝ «կատոկելով բոլորին տարեք»: Ոստիկանները երկու հոգու անգամ ծեծի են ենթարկել՝ հասցնելով մարմնական ծանր վնասվածքներ, որոնց ավելի ուշ  տեղափոխել են հիվանդանոց:

Բերման ենթարկելու ողջ օպերացիայի վայրագությունը տեսնելով, հարեւան շենքերի բնակիչներն անգամ վերեւից ջուր են լցրել՝ փորձելով սթափեցնել, ուշքի բերել ոստիկաններին, սակայն՝ ապարդյուն: Ոստիկանները երեկ բերման են ենթարկել 27 քաղաքացու, որոնց երեկոյան արդեն ազատ էին արձակել:

Նկատենք, որ երեկ հավաքված քաղաքացիները պայքարում էին մի հարցի համար, որը վերաբերում է ՀՀ բոլոր բնակիչներին անխտիր, այդ թվում՝ բռնություն գործադրող ոստիկաններին ու նրանց ընտանիքներին եւս: Համենայնդեպս, երբ վաղը թանկանա էլեկտրաէներգիայի սակագինը, այն հարվածելու է բոլորի գրպաններին»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: 




Լրահոս