Ներկայացնում ենք «Առավոտ» թերթի խմբագրականից մի հատված.
«Սեպտեմբերի 3-ից հետո ես մի քանի անգամ մտահոգություն եմ հայտնել, որ խոսքի և ցույցերի ազատության այն նվազագույն աստիճանը, որին հասել է Հայաստանը՝ սկսած մոտավորապես 2011 թվականից, նահանջ է ապրելու: Հայաստանի իշխանությունները, մտածում էի ես, այլևս «եվրոպական» պարտավորություններ չեն ունենա և հակառակը՝ կփորձեն նմանվել մեր «մաքսային գործընկերներին»: Կուզենայի սխալվել, բայց դրա որոշակի տագնապալի նախանշաններ կան:
Երեկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ 27 հոգու բերման ենթարկեցին, 3 հոգի հայտնվել էին հիվանդանոցում, լրագրողին հարվածել էին: Քաղաքացիների բողոքը խաղաղ էր, նրանք ոչ մեկին չէին խանգարում, ոչ մեկի իրավունքները չէին ոտնահարել: Ոստիկանների գործողությունները, հետևաբար, անհամաչափ էին: Տեսագրություններից դատելով՝ «օպերացիան» իրականացնող տղաների դեմքերին սադիստական հաճույք էր գրված: Սովորաբար Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բավականին մտերմիկ զրույցի է բռնվում ցուցարարների հետ, սակայն այս անգամ դա տեղի չունեցավ՝ ոստիկանները գործեցին վերին աստիճանի ոչ պրոֆեսիոնալ:
Մեզ նման երկրների ոստիկանները պետք է հասկանան. երբ նրանք «ոգևորված» հարձակվում են քաղաքացիների վրա, այդ հարձակումից րոպեներ անց տարբեր ռակուրսներից արված տեսագրությունները կհայտնվեն համացանցում»։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։