2011 թվականի հոկտեմբերի 28-ին Իջեւանի տարածաշրջանի Ներքին Ծաղկավան համայնքում սողանքից քանդվել էր Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհից գյուղ մտնող 30 գծամետր երկարությամբ ձախակողմյան կողնակը եւ երթեւեկելի մասի գրեթե կեսը: Ճանապարհը դարձել էր միակողմանի երթեւեկելի եւ շատ վտանգավոր: Ներքին Ծաղկավանի գյուղապետ Նաիրի Աթաբեկյանի վկայությամբ` այդ տարածքում սողանքային երեւույթները սկսվել են դեռեւս 2011 թվականի ապրիլ ամսին, իսկ աշնանային անձրեւների հետեւանքով էլ սողանքն ավելի է ծավալվել: Առկա է հարցի լուծման, ճանապարհի վերականգնման տարբերակ. գումարով փոխհատուցել ճանապարհին հարակից սեփականաշնորհված երկու հողամասերի տերերին, որպեսզի ճանապարհն անցնի այդ տարածքով: Մի քանի օր առաջ երթեւեկելի հատվածի ասֆալտի շերտում մեկ սմ լայնությամբ, երկու մետր երկարությամբ ճեղք է առաջացել, որը գնալով տարածվում է: Սողանքի վայրում եղել է մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Ներքին Ծաղկավանի գյուղապետ Նաիրի Աթաբեկյանը սողանքի գոտում իրավիճակի վերաբերյալ գրավոր տեղեկացրել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին: Վտանգավոր ճանապարհը շարունակում է դամոկլյան սրի նման կախված մնալ այդ հատվածով երթեւեկողների համար, գյուղը մայրուղուն կապող ճանապարհը ամեն վայրկյան կարող է փլվել: Նշենք, որ Ներքին Ծաղկավան համայնքը նախկինում էլ է եղել սողանքային գոտի: Հինգ տարի առաջ պետական բյուջեից դրամական փոխհատուցում տրվեց սողանքից տուժած յոթ ընտանիքի, որոնք վերաբնակվեցին:
Տավուշ