Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն չի պատրաստվում հրաժարական տալ իր հարազատ եղբոր`Միրչիի հետ կապված կոռուպցիոն սկանդալի պատճառով: Վերջինս խոստացել էր կաշառքի դիմաց համոզել երկրի ղեկավարին բանտից ազատ արձակել սպանության համար դատապարտված քրեական հեղինակություն Սանդու Անգելին:
«Ստիպված եմ վշտացնել, սակայն իմ մանդատը ես ավարտին եմ հասցնելու: Իմ եղբայրը կասկածյալ է, սակայն նա 60 տարեկան մարդ է և իր ընտանիքի հետ բնակվում է Կոնստանցայում: Ես և իմ ընտանիքը ապրում ենք Բուխարեստում», – նշել է Բեսեսկուն իր հայտարարությունում:
Նա հավելել է, որ հատուկ ծառայությունները և իրավապահ մարմիններն իրեն «երբեք չեն զեկուցել Անդելի գործի մասին»: Միրչի Բեսեսկուին ձերբակալելուց հետո նախագահին պաշտոնը թողնելու պահանջ են ներկայացրել Սենատի նախագահ Քելին Պոպեսկու-Տերիչանուն և վարչապետ Վիկտոր Պոնտան:
Սկանդալը վայրկենապես տարածվել է, և հունիաի 25-ին խորհրդարանի վերին և ստորին պալատները համատեղ նիստ կգումարեն` Բեսեսկուին լսելու և նրա հրաժարականի վերաբերյալ հրչակագիր ընդունելու նպատակով: Ինչպես հայտարարել է վարչապետ Պոնտան, եթե նախագահը հրաժարվի, իշխող կոալիցիայի պատգամավորներն իմպիչմենտի գործընթաց կձեռնարկեն:
Սա Ռումինիայում իշխանության վերին ատյաններում կոռուպցիայի հետ կապված առաջին սկանդալը չէ: Վերջին երկու տարիների ընթացքում դատապարտյալի աթոռին են հայտնվել նախկին վարչապետը, մի քանի նախարարներ, ինչպես նաև արդարադատության և իրավապահ մարմինների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
ԵՄ-ն շարունակում է անհանգստություն հայտնել կոռուպցիան հաղթահարելու` Բուխարեստի անկարողության վերաբերյալ: Հենց այդ պատճառով էլ այդ երկիրը մինչ այժմ զրկված է առանց վիզաների Շենգենյան գոտի մուտք գործելու հնարավորությունից: