Ռոբերտ Քոչարյանը վերադառնալու քաղաքական որոշումն իր մեջ կայացրել է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին նախագահ  Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդես է եկել հերթական հարցազրույցով, որն ավելի շատ հիշեցնում է արմատական ընդդիմադիր գործչի հայտարարություն:

Այս անգամ Քոչարյանն անդրադարձել է «Որոտանի կասկադ» ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման գործարքին, երթեւեկության կանոնների խախտման համար  նախատեսված տուգանքների չափերի վերանայմանը, կարմիր գծերին, ինչպես նաեւ 100 տոկոս համամասնական ընտրակարգին եւ ընդդիմությանն առավել ուժեղ վերահսկողական լծակների տրամադրմանը:

Նշենք, որ այս  խնդիրներին անդրադառնալու` Քոչարյանի մտադրության մասին  նրա գրասենյակը հայտարարել էր դեռ ամիսներ առաջ` նախկին վարչապետ Տ. Սարգսյանի հետ  լեզվակռվի շրջանակներում: Ուշագրավ էր, որ  ոչ իշխանական Քառյակն իր տասներկու կետանոց  պահանջագրում մեկ առ  մեկ զետեղել էր հենց այս խնդիրները (թեեւ` առկա էին շատ ավելի կարեւոր եւ ոչ կենցաղային հարցեր): Եվ այն, որ միայն այդ պահանջագրի հրապարակումից եւ իշխանությունների կողմից բավականին նորմալ ընդունվելուց հետո է Քոչարյանը  կոշտ ձեւակերպումներով  արտահայտում  իր տեսակետը նշված հարցերի շուրջ, բնականաբար, պատահական չէ:

Այդպիսով` նա նախ ընդգծում է իր առնչությունը 12 կետանոց պահանջագրի զգալի մասին, ապաեւ`  հստակեցնում այն սահմանագիծը, որի շրջանակներում կարող է հանգուցալուծվել քառյակ-իշխանություն  պահանջագրային այս գործընթացը: Եվ հիմա շատ ավելի մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ  եթե անգամ այս պահին Քոչարյանը չի ցանկանում վերադառնալ՝ ապա միայն այն պատճառով, որ իր դիրքերը  բավականաչափ ուժեղ չեն: Սակայն վերադառնալու քաղաքական որոշումը նա իր մեջ արդեն կայացրել է, եւ հիմա ընդամենը սպասում է նպաստավոր իրավիճակի:

Ինչ վերաբերում է այս հարցազրույցում Քոչարյանի հնչեցրած գնահատականներին` ապա դրանք գրեթե հարյուր տոկոսով արդարացի են, սակայն ինչպես եւ նրա բոլոր հայտարարությունները գնահատելու  դեպքում` դարձյալ բախվում ենք հարցին. իսկ ո՞վ է  ասողը: Եվ այդ դեպքում վերստին տեղի է ունենում ասվածի րոպեական արժեզրկում. Որոտանի խնդրահարույց գործարքի կողքին հիշում ենք ՀՀ ողջ էներգետիկ համակարգի նվիրաբերումը ռուսներին, 100 տոկոս համամասնական ընտրակարգի հարցում` Քոչարյանի կողմից մի քանի անգամ դրված  «վետո»-ն: Իսկ «ներկուսակցական ժողովրդավարության եւ ինքնաառողջացման ավանդույթների ձեւավորման» անհրաժեշտության մասին  հայտարարություններից հետո էլ անմիջապես հիշում ենք ՀՀ երկրորդ նախագահի խոստովանությունն այն մասին, որ ինքն անձամբ է կազմել հանրապետականների նախընտրական համամասնական ցուցակները:

Հ. Գ. ՀՀ երկրորդ նախագահն այնքան հաճախակի է սկսել «հարցազրույցներ» տալ, որ նրա գրասենյակը չի հասցնում դրանք  հավուր պատշաճի խմբագրել եւ սեփական կայքում մատուցել առանց ուղղագրական սխալների: Անգամ` եթե դրանք գրավոր են:




Լրահոս