Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն հունիսի 24-ին ընդունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի և «Ակրոնիս» ընկերության հրավերով Հայաստանում գտնվող շախմատի աշխարհի գործող չեմպիոն, գրոսմայստեր Մագնուս Կարլսենին և աշխարհի գավաթակիր, գրոսմայստեր Լևոն Արոնյանին: Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ողջունելով շախմատիստների այցը` Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծել է, որ աշխարհի գործող չեմպիոնի ժամանումը Հայաստան մեծ խանդավառություն պիտի պարգևի շախմատի սիրահարներին: Նորին Սրբությունը գոհունակությամբ է նշել, որ դեռևս վաղ միջնադարից Հայաստանում հայտնի շախմատը, այսօր ևս լայնորեն տարածված է երկրում և ծրագրային առարկա լինելով հանրակրթական դպրոցներում’ նպաստում է երեխաների մտքի զարգացմանը:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը տեղեկացրել է, որ Մայր Աթոռի թանգարանում են պահվում Տիգրան Պետրոսյանի թագն ու թիկնոցը, որոնք աշխարհի չեմպիոնը ժամանակին ընծայաբերել է երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսին:
Մագնուս Կարլսենը և Լևոն Արոնյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Վեհափառ Հայրապետին ներկայացրել են Տաթևի վանք կատարած այցելության իրենց տպավորությունները: Երեկ Տաթևում նրանք առիթ են ունեցել խաղալու հոգևորականների, ինչպես նաև Հալիձորի ու Տաթև համայնքների երեխաների հետ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայ եկեղեցու կարևոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում, պատմության ընթացքում կրած դժվարություններին և ներկայիս նրա հոգևոր առաքելության արդյունավորմանն ուղղված գործունեությանը:
Վերջում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն է փոխանցել շախմատիստներին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ և հորդորելով բարի օրինակ փոխանցել, որ մրցույթը կարող է լինել ի նպաստ խաղաղության, ժողովուրդների բարեկամության ամրապնդման և համերաշխ գոյակցության: