«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մի քանի օր առաջ ՕԵԿ-ը քաղխորհրդի նիստ է հրավիրել, որի ժամանակ էլ որոշում է կայացվել՝ ՕԵԿ շարքերից հեռացնել ԱԺ ՕԵԿ խմբակցության նախկին անդամ Կարեն Բոթոյանին:
Հիշեցնենք, որ վերջինս ՀՀ կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ հայտարարեց ՕԵԿ շարքերը լքելու իր որոշման մասին: Հայտարարությունից օրեր անց ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ պատրաստվում է ՕԵԿ քաղխորհրդի նիստի ժամանակ բարձրացնել Կարեն Բոթոյանին կուսակցությունից հեռացնելու հարցը:
Երեկ ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ Ի.Խաչատրյանը կուսակցությունում բարձրացրել է Բոթոյանին հեռացնելու հարցը, եւ քաղխորհրդի անդամները նրան ՕԵԿ շարքերից հեռացրել են:
Ի դեպ նշենք, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ուրբաթ օրը Ծաղկաձորում ՀՀԿ-ականների հավաքույթին մասնակցել է նաեւ Կարեն Բոթոյանը: Փաստորեն պատգամավորը ծանր չի տարել իրեն հեռացնելու փաստը»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: