Այս պահին «Անի պլազա» հյուրանոցում ՓՄՁ մի շարք ներկայացուցիչների մասնացությամբ ՏՄՊՊՀ-ն անցկացնում է հերթական միջոցառումը, որը նպատակ ունի վերլուծություններ կատարելու միջոցով լուծել գործարարների առջև ծառացած խնդիրները:
Իր խոսքում ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը նշեց, որ ՓՄՁ-ների խնդիրները ոչ թե պաճառ են, այլ՝ հետևանք` նկատի ունենալով փոքր և միջին բիզնեսում առկա խնդիրները Հայաստանում:
Հայաստանի գործատուների միության տնօրեն Գագիկ Մակարյանն էլ ընդգծեց, որ միջոցառումը լավ հնարավորություն է ոլորտում առկա խնդիրների մասին բարձրաձայնելու և դրանց կարգավորման համար ելքեր առաջարկելու համար:
«Ուրախ եմ, որ մեր հրավիրյալների ցանկում են հենց փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները: Ողջունելի է, որ նախկինում բարձրախոսից վախեցողներն այս պահին անկաշկանդ ցանկանում են խոսել: Մենք հնարավորություն կտանք նաև մեր գործընկերներին հարցեր ուղղելու»,- ասաց Մակարյանը:
«Թռչնաբույծների միության» նախագահ Սերգեյ Ստեփանյանը հույս հայտնեց, որ ՏՄՄՊՀ-ն կաջակցի տեղական արտադրողներին հավասար մրցակցության ստեղծմանը:
«Կան լուրջ խնդիրներ դրսից ներկրվող թռչնամթերքի, հատկապես՝ թռչնամսի հարցում: Տեղի շուկայի արտադրողները ձգտում են ծավալները մեծացնել, բայց ինչ-որ տեղ անհավասար մրցակցային պայմաններ են առաջանում»,- ասաց Ստեփանյանը:
Հաջորդը ելույթ ունեցավ «Սպիրտային խմիչքների ներմուծման և արտադրության» ոլորտի սեփականատեր Գագիկ Հակոբյանը, ով հայտնեց, որ իրենք 15 մլն դրամ պետական տուրք են մուծում` կոնյակի արտադրությամբ զբաղվելու թույլտվություն ստանալու համար: «Մեր նախաձեռնությունն ինչ-որ մեկին դեմ չէ: Պետք է պետական տուրքը սահմանվի քանակի չափանիշներին համաձայն»:
Հանձնաժողովի աշխատակիցը` Մանասերյանը, անդրադառնալով հարցին` նշեց, որ իրենք սկսել են ուսումնասիրությունը, և օրենսդրության պահանջ կա սահմանված, համաձայն որի՝ ընկերությունը պետք է 15 մլն վճարի, որպեսզի կարողանա զբաղվել իր գործունեությամբ: Հանձնաժողովը խոստացավ քննարկել հարցը և լուծում առաջարկել:
Կաթնամթերքի ոլորտի ներկայացուցիչ Հայրապետյանը հայտնեց, որ Կառավարության որոշումը, թե սեպտեմբերի մեկից կիրառության մեջ պետք է մտնեն դրոշմակնիքնեը, իրենց լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում: Այսինքն, եթե զովացուցիչ ընպելիքները ունեն մեկ տարվա պահպանման ժամկետ, ապա կաթնամթերքինը երեք օր է, ինչը խնդրի պատճառ է հանդիսանում:
«Պահպաման ժամկետը շատ կարճ է: Առաջարկում ենք գործող կարգը համապատասխանեցնել արտադրողների ոլորտին, որպեսզի զգացվի տարբերությունը «Պեպսի կոլայի» հետ, որն ունի 1 տարվա պահպանման ժամկետ: Նախկինում մենք հետ էինք ընդունում փոքր խանութներից ուղարկվող 3-4 հատ թթվասերը, բայց հիմա ինչպե՞ս կարող ենք հետ ընդունել, եթե գործի այդ ռեժիմը»,- ասաց Հայրապետյանը:
Տպագրության ոլորտում աշխատող Գուրգեն Մուշեղյանը հայտնեց, որ անհավասար մրցակցություն է տիրում շուկայում, քանի որ ի հայտ են եկել խոշոր տպարաններ, որոնք և՛ թուղթ են ներկրում, և՛ զբաղվում տպագրության գործով` առանց արդար մրցակցության: Հարցին ի պատասխան՝ ՏՄՊՊՀ ներկայացուցիչը հայտնեց, որ խնդիրն իսկապես լուրջ է, և Հանձնաժողովն ամեն ինչ կանի այդ կերպ աշխատող ընկերություններին օրենքով սահմանված կարգով պատժելու համար: