Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամայել է ուկրաինացի զինվորականներին կրակ բացել՝ ի պատասխան ուկրաինական անջատողականների հարձակումների. հայտնել են նախագահի մամլո ծառայությունից:
«Երկրի ղեկավարը չի բացառում, որ կրակի դադարեցման ռեժիմը կարող է ժամանակից շուտ չեղյալ համարվել` արտաքինից վերահսկվող գրոհայինների կողմից այն անընդհատ խախտվելու պատճառով», – ասվում է հայտարարությունում:
Խաղաղության ծրագրի հայտարարումիցց ի վեր՝ գրոհայինները 35 անգամ կրակ են բացել զինվորականնների ուղղությամբ, իսկ հունիսի 24-ին՝ ուղղաթիռ խփել, որի մեջ են եղել և զոհ դարձել 9 մարդ. հայտնում են նախագահի աշխատակազմից:
Պորոշենկոն պատրաստվում է այսօր՝ հունիսի 25-ին, հեռախոսային կոնֆերանս անցկացնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ. տեղեկացնում է BBC-ն:
Պորոշենկոն հույս ունի, որ այդ խոսակցությունից հետո «Ռուսաստանը կզինաթափի վարձկաններին և Ուկրաինայի տարածքից հետ կկանչի»,-ասվում է Ուկրաինայի ղեկավարի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Ալեքսանդր Բորոդայը հայտարարել է, որ զինադադարի պահպանումը որևէ իմաստ չուներ:
«Հիմա ես պաշտոնապես հայտարարում եմ, որ կրակի դադարեցման մասին համաձայնություն չի եղել և, դատելով ամենից՝ չի էլ լինի: Պաշտոնական Կիևը փորձում էր խաբել մեզ՝ ուղարկելով շփման խումբ, որն, ինչպես պարզվել է, ոչ մի իրավասություն չունի: Այսպիսով՝ կրակի դադարեցման համաձայնագիր չի եղել: Մեզ մնում է միայն շարունակել պայքարը», – ասել է Բորոդայը: