Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ շարունակվեց հայտնի «Կանազի» գործով դատական քննությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ «Կանազ» զինհոսպիտալ հոգեբուժական բաժանմունքում նախորդ տարվա նոյեմբերի 2-ին ՊՆ ժամկետային զինծառայողներ, կոչումով շարքային Դավիթ Մարկոսյանը, Գարեգին Դանիելյանը, Ռազմիկ Մանուկյանը և Արշակ Թորոսյանը բռնություն են գործադրել իրենց նկատմամբ պետ հանդիսացող զինվորականների նկատմամբ:
Գործով տուժողներ են Սահակ Օհանյանը, Վաղինակ Հովհաննիսյանը, Լևոն Բալայանը, Արմեն Հովսեփյանն ու Էմիլ Բանաջանյանը:
Տուժողներից Արմեն Հովսեփյանն ու Լևոն Բալայանը չէին ներկայացել, սակայն այդ փաստը չխանգարեց նիստը շարունակելուն:
Տուժող Սահակ Օհանյանը` ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի պետը, խնդրեց ԶԼՄ-ներին թույլ չտալ նկարահանել իր ցուցմունքը, քանի որ իրեն կաշկանդված է զգում: Սրա դեմ կողմերը առարկություն չհայտնեցին:
Տուժողը ճանաչեց ամբաստանյալներին և նշեց, որ դեպքի օրը նրանք բուժման մեջ են գտնվել:
«Գտնվում էի տանը և ստացա տեղեկություն, որ հոգեբուժական բաժանմունքում ոգելից խմիչք են օգտագործում, և օգտագործողներից մեկը ներկա է դահլիճում: Ժամանեցի զորամաս, չնայած հասկացա, որ այդ ժամին այնտեղ գտնվելս զինվորների կողմից սխալ կընկալվի, սպասեցի ծառայակիցներիս: 5-6 րոպե հետո միայն դուռը բացվեց: Մտանք ներս ու հիվանդասենյակներից մեկում միայն Արշակ Թորոսյանն ու Ռազմիկ Մանուկյանն էին մնացել: Մոտեցա պահարանին, ոգելից խմիչքի հոտ էր գալիս: Ասացի ոգելից խմիչք եք օգտագործել: Ռազմիկն ասեց` տես՞լ ես, որ ասում ես: Մեկ էլ ասեց` անառակի տղաները մեզ պալիտ արեցին: Փորձեցի կարգի բերել նրանց: Նա ուժ գործադրեց, մայկաս ճղեց, հետո ես ուժ գործադրեցի: Հետո Ռազմիկը գոռաց` մեջները տղամարդ չկա՞: Ու հազարավոր հոգեկան հիվանդ տղաներ սկսեցին գոռալ: Ես իրեն և Արշակին շենքից դուրս տարա: Զանգեր կատարեցի համապատասխան օրգաններին: Իմ բջջայինով երկու հատ ձայնագրություն եմ արել, ինչը քննությամբ ստուգվել է: Երբ ոստիկանությունն իրենց ձերբակալել էր, կարողացան ամբոխին հանգստացնել»,- պատմեց Օհանյանը:
Մեղադրող Օհանյանը հարցրեց, թե ժամը 20:00-ից հետո ժամկետային զինծառայողն ինչո՞վ պետք է զբաղվի, Օհանյանը պատասխանեց` դեղորայքի ընդունումը, քնելը: Նա բացառեց ոգելից խմիչքի ընդունումը:
«Հոգեկան խնդիրներ ունեցող զինվորները մի փոքր արտոնություններ ունեն այցելությունների մասով: Եթե ծնողը ուտելու բան բերում է, դա էլ ենք թույլ տալիս»,- ասաց Օհանյանը:
Հարց հնչեց Մանուկյանի հեղինակություն ունենալու մասին, ինչին ի պատասխան Օհանյանը պատասխանեց, որ նրա բոլոր կարգադրությունները կատարվում են զինվորների կողմից անվերապահորեն:
Օհանյանը պատմեց նաև, որ այն ժամանակ, երբ ինքը դուրս էր եկել Թորոսյանի ու Մանուկյանի հետ, Թորոսյանն իրեն տիրապետում էր, իսկ Մանուկյանը գետնին սկսել է անկանոն շարժումներ անել: Մեղադրողի հարցին, թե նա ուշաթափություն ունեցել է, Օհանյանը բացասական պատասխան տվեց:
Ամբաստանյալ Դավիթ Մարկոսյանի պաշտպան Մարինե Թովմասյանի հարցին, թե ինչո՞ւ տուժողը չհիշատակեց իր վստահորդի անունը, Օհանյանը պատասխանեց, որ նա այն հիվանդներից էր, ով լուրջ խնդիրներ ուներ, ապա պատմեց, որ Դավիթը փորձել է աթոռով խփել իր գլխին:
Պաշտպանի հարցին, թե ինչով է հիմնավորում Դավիթի` աթոռով խփել ցանկանալը, Օհանյանը պատսխանեց, որ ինքը զգացել է, թե ինչպես է Դավիթը փորձում խփել, ինչը կանխել է իր ենթական:
Թովմասյանի հաջորդ հարցին` սպիտակ խալաթով, այսպես ասած, բժիշկներ եղել են, ինչին տուժողը պատասխանեց` ինչու՞ այսպես ասած: Ապա պատասխանեց, որ նրանք սանձահարել են զինվորներին, սակայն չպարզաբանեց` ինչ ասել է` սանձահարել:
«Կարո՞ղ եք մատնացույց անել այնպիսի կարգավորող նորմ, որը ձեզ թույլ է տալիս սանձահարել կամ ուժ գործադրել»,- հարցրեց պաշտպան Թովմասյանը, ինչին տուժողը պատասխանեց, որ հոգեբուժության մասին օրենքը թույլ է տալիս նամն նորմեր: «Սանձահարումը եղել է այսպես` ձեռից բռնած հանում էի դուրս, ինչը նրա դուրը չեկավ: Ձեր ամբաստանյալին մի անգամ ձեռով հրել եմ: Երբ ինքը աթոռակով փորձել է հարվածել ինձ, այդ ժամանակ չի կիրառվել»,- պատասխանեց Օհանյանը:
«Արտակ Քեշիշյանին ճանաչում եք»,- հարցրեց պաշտպանը, ինչին տուժողը բացասկան պատասխան տվեց:
«Երբ ամբոխը խելագարված սկսեց գոռալ, բժիշկները տապալեցին նրանց, այդ ընթացքում ամեն բան կարող էր լինել: Ամեն մեկը կարող էր իր բաժին հարվածը բժշկին հասցնել»,- փորձեց պարզաբանել տուժողը: