Երեկ՝ կառավարության նիստից հետո, «Ժողովուրդ»-ը փորձեց մի քանի հարց ուղղել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Մանուկ Վարդանյանին: Նախարարից փորձեցինք տեղեկանալ, թե արդյոք ինքը լինելու է «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ցուցակում: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ իրեն դեռ հայտնի չէ` ինքը լինելու է ՕԵԿ նախընտրական ցուցակում, թե ոչ:
-Պարո՛ն Վարդանյան, Դուք եղել եք ՀՀԿ-ամետ պաշտոնյա, սակայն այսօր «Օրինաց երկիր» կուսակցության անդամ եք: Ձեզ ինչպե՞ս եք զգում այդ կուսակցությունում, հարմարվե՞լ եք:
-Բայց Դուք ինչո՞ւ եք որոշել, որ ես ՀՀԿ-ամետ եմ: Որ կուսակցության մեջ եմ, այդ կուսակցության գաղափարներին եմ հարում: Այո՛, հարմարավետ եմ զգում, իհարկե:
-Իսկ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը գո՞հ է Ձեր կատարած աշխատանքներից, իր վերաբերմունքից ի՞նչ եք հասկանում, արդյո՞ք Դուք այն նախարարն եք, որին նա ցանկանում էր տեսնել այս ոլորտում:
-Դրա մասին իրա՛ն հարցրեք, վերաբերմունքից… նորմալ, բացի աշխատանքային հարաբերություններից, կան նաեւ ավելի ջերմ հարաբերություններ եւ ընկերական հարաբերություններ:
-Արդեն ակտիվորեն քննարկվում են կուսակցությունների համամասնական ցուցակները: Ըստ Ձեզ, Դուք լինելո՞ւ եք ՕԵԿ-ի ցուցակում: Նման առաջարկ ստացե՞լ եք:
-Իսկ ո՞վ ա առաջարկ ստացել, բացի երեքից, ո՞վ ա հայտնի… դեռ չենք քննարկել, կքննարկենք ու կտեսնենք:
-Ի՞նչ եք կարծում, կառավարության հաջորդ կազմում Դուք լինելո՞ւ եք:
-Չգիտեմ, չեմ կարող ասել:
-Պարո՛ն նախարար, այսօրվա ամենալուրջ խնդիրներից են հասարակական տրանսպորտն ու ճանապարհաշինությունը: Լինելով կապի եւ տրանսպորտի նախարար` ՀՀ վարչապետից ի՞նչ հանձնարարություններ եւ հրահանգներ եք ստանում:
-Բնականաբար, աշխատանքային հանձնարարություններ ենք ստանում, տարբեր տեսակի աշխատանքների հետ կապված` տարբեր հանձնարարություններ:
-Հե՞շտ է աշխատել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, քանի որ հայտնի է, որ վերջինս իր սիրելի նախարարների ցանկն ունի եւ միայն նրանց հետ է շփվում: Իսկ Դուք այդ «սիրելիների» ցուցակում չկաք:
-Դա պետք է վարչապետից հարցնեք, մենք նորմալ աշխատանքային հարաբերություններ ունենք:
-Պարո՛ն Վարդանյան, ՀՀ Վերահսկիչ պալատը տրանսպորտի եւ կապի նախարարությունում ստուգումներ է անցկացնում: Դուք մտավախություն չունե՞ք, որ Ձեր նախարարության հայտարարած մրցույթներում կոռուպցիոն բացահայտումներ կլինեն:
-Իհարկե ո՛չ, վստահ եմ:
Հ.Գ. Պարոն Վարդանյանը մեր հարցերին պատասխանում էր շատ «չոր» եւ ոչ լիարժեք: Նա ակնհայտորեն խուսափում էր մեզ հետ զրուցելուց: Չցանկանալով լսել մեր հաջորդ հարցերը` նա արագ հեռացավ կառավարության շենքից:
ԱՅՈ՛, ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԵՄ ԶԳՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ