ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ՝ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության երեկվա նիստում ուշագրավ որոշում է ընդունվել. այն մեկ նախադասությամբ կարելի է որակել որոշում` ՀՀԿ-ի կողմից պետական մակարդակով բաժանվող ընտրակաշառքի մասին:
Բանն այն է, որ կառավարությունը հավանություն է տվել հարկային ոլորտի օրենսդրական փոփոխությունների փաթեթին, որով առաջարկվում է հողի հարկ եւ գույքահարկ վճարող անձանց ազատել չվճարված գույքահարկից ու հողի հարկից, ինչպես նաեւ՝ հաշվարկված տույժերից եւ տուգանքներից: «Սա կարեւորագույն օրենսդրական նախաձեռնություն է, որն առաջ է քաշել ՀՀ Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցությունը… Պետությունն այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալով՝ շուրջ 43 մլրդ դրամի հարկեր է զիջում գյուղատնտեսության ոլորտում»,-հայտարարել է վարչապետը: Հետաքրքիրն այն է, որ այս որոշումը համընկավ մայիսի 6-ին ՀՀ-ում ԱԺ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հրամանագրի ստորագրմանը:
Ակնհայտ է, որ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության եւ կառավարության համատեղ քայլը պայմանավորված է բացառապես առաջիկա խորհրդարանական ընտրություններով, եւ հանրապետականներն այդպես օրինական եղանակով՝ պետականորեն են ընտրակաշառք բաժանում՝ գյուղացիներին զիջելով նախկինում կուտակված հարկերը: Այլ կերպ ասած՝ ողջ պետական ապարատը, իշխանական լծակները հանրապետականները ծառայեցնում են սեփական կուսակցության նպատակներին, իսկ ՀՀ քաղաքացիներիս գումարած հարկերի միջոցով գոյացած պետական բյուջեի գումարները մսխում են ՀՀԿ քարոզարշավի համար: Ընդ որում, եթե կոալիցիոն մյուս ուժերը՝ ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, բարեգործություններ են անում եւ ընտրակաշառք բաժանում իրենց միջոցների հաշվին, ՀՀԿ-ն դա անում է պետբյուջեի գումարներով: Այլապես՝ իշխանությունները կարող էին գյուղացիների հողահարկն ու գույքահարկը զիջել նաեւ նախորդ տարիներին:
Ի դեպ, սա առաջին նման դեպքը չէ: Նախորդ տարի էլ կառավարությունը 10-ական միլիարդ դրամ էր հատկացրել ՀՀ բոլոր մարզերին՝ այնտեղ ինչ-որ ծրագրեր իրագործելու համար: Դպրոցների նորոգում, շենքերի եւ ճանապարհների բարեկարգում նախատեսող այդ ծրագրերը կմեկնարկեն արդեն գարնանը, երբ օրերը տաքանան, իսկ քաղաքական գործընթացներն էլ արդեն թեւակոխած կլինեն նախընտրական թեժ փուլ:
Այսքանից հետո ուշագրավ է մեկ այլ հանգամանք. հունվարին, երբ ԱԺ ՀՅԴ մի խումբ պատգամավորներ հանդես էին եկել «Գույքահարկի մասին» օրենքում փոփոխությունների նախաձեռնությամբ եւ առաջարկել էին ՀՀ-ում գտնվող 3-րդ եւ 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող բազմահարկ շենքերին ազատել գույքահարկից, կառավարությունն օրինագծին բացասական եզրակացություն էր տվել: Ընդ որում, ի թիվս այլ պատճառաբանությունների, մերժման հիմքում նշված էր ֆինանսական միջոցների սղությունը, թեեւ՝ օրինագիծը կյանքի կոչելու դեպքում նույնիսկ 1մլրդ դրամ էլ չէր պահանջվի: Ավելին, նույն ՀՅԴ-ականներն առաջարկել էին բարձրացնել նաեւ նվազագույն աշխատավարձը, եւ մերժվել՝ կրկին նույն պատճառաբանությամբ: Իսկ հիմա՝ ընտրություններից երկու ամիս առաջ, հանուն ՀՀԿ-ի՝ կառավարությունը պատրաստ է 43 մլրդ դրամ «զոհաբերել»:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ինչպես եւ սպասում էինք, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ չի ընդունում տեսակետը, թե սա արվում է նախընտրական տրամաբանությամբ, եւ պետական մակարդակով ընտրակաշառք է բաժանվում: «Եթե նախընտրական տրամաբանությամբ՝ երկու համաներումները, եւ բարեփոխումների կուրսը նախընտրական համարեինք: Ավելին, այս տրամաբանությամբ ՀՀԿ-ն պետք է ոչինչ չանի ո՛չ գործադիրում, ո՛չ օրենսդիրում, որպեսզի ցանկացած դրական քայլ նախընտրական չորակեն»,-ասաց Շարմազանովը: Իսկ թե ինչու ՀՀԿ-ն ավելի վաղ հանդես չէր գալիս նման նախաձեռնությամբ, Շարմազանովն ասաց, որ այդ տրամաբանության դեպքում իրենք չպետք է ոչինչ անեն: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը նշեց, թե այս նախաձեռնությամբ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով ՀՀԿ-ն օգտագործում է իր լծակները ձայներ ստանալու համար: «Սա կանխատեսելի էր»,-նշեց Նռանյանը: Ինչ վերաբերում է Շարմազանովի հայտարարություններին, թե այդպես մտածելու դեպքում իրենք ոչինչ չպետք է անեն, ՀՅԴ-ական պատգամավորը հակադարձեց. «Որպես կանոն՝ նման բաները միշտ ընտրություններից առաջ են արվում: Բայց կարեւոր է մեկ այլ հանգամանք՝  ՀՀ-ում ցանկացած գործողություն արվում է ոչ թե ոլորտները կարգավորելու, այլ՝ ընտրություններին հաղթելու տրամաբանությամբ: Որեւէ մեկն ինձ չի կարող ապացուցել, որ այս օրենքի ընդունումից հետո տնտեսությունը, գյուղատնտեսությունը զարգանալու են, քաղաքացիների կենսամակարդակն ավելանալու է: Ընդհակառակը, արդեն քաղաքացիներին էլ են սովորեցրել՝ կուտակել տույժ ու տուգանքները՝ իմանալով, որ ընտրություններից առաջ դրանք չեղյալ են համարվելու, ամնիստիայի են ենթարկելու»,-նշեց Նռանյանը՝ հավելելով, որ պետական ապարատի տրամաբանությունը նման քայլերով սեփական իշխանությունը պահելն է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս