ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԻՎԱՆԴ ՉԷ
Henaran.am-ի հարցին, թե ճիշտ են արդյոք մամուլի այն հրապարակումները, որ Հովիկ Աբրահամյանը հիվանդ է, եւ երբ օրենքով ձեւավորվի ՀՀԿ նախընտրական շտաբը, չի ղեկավարելու այն, վերջինս արձագանքել է. «Իմ ձայնը հիվանդի՞ ձայն է, ի՞նչ եք կարծում: Դրանք պարզապես հերյուրանքներ են, իրենց հիվանդությունները ինձ վրա են բարդում»: Նա նաեւ հերքել է այն տեղեկությունը, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է թիվ 17 ընտրատարածքում:

ՄԻԱՅՆ ԱՐԱՄԸ
«Հանրապետություն» կուսակցությունն առաջիկա ԱԺ ընտրությունները դիտարկում է որպես սահմանադրական կարգը վերականգնելու իրավական հնարավորություն եւ հասարակության բոլոր խավերի հնարավորինս մեծ ընդգրկումով իշխանափոխության միջոց: Կուսակցությունը որոշել է ՀԱԿ-ի համամասնական ցուցակում ներկայացված լինել միայն ի դեմս «Հանրապետության» քաղխորհրդի նախագահի:

ՆՈՐ ԶՈՀ
Երեկ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում ծառայողական պարտականությունները կատարելիս Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի արձակած գնդակից զոհվել է ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Արմենակի Ադիբեկյանը (ծնված` 1992թ.): Այս մասին armlur.am-ին տեղեկացրել են ՊՆ լրատվական ծառայությունից:

ՍՊԱՍՎԱԾ

ՀՀ կառավարության երեկվա նիստում ուժը կորցրած է ճանաչվել 1997թ. «ՀՀ տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) մասին» որոշումը: «Սա մեծ եւ սպասված փոփոխություն է»,-ասել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը` նշելով, որ գործարարները ստիպված էին գրքեր լրացնել 20 սյունակներով, եւ ամեն մի սխալն անհետեւանք չէր մնում:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ-1
Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի իրազեկումը` փետրվարի 28-ին` ժամը 14.00-16.30-ը, Ազգային Ժողովի մուտքերին հարակից Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցի ոչ երթեւեկելի հատվածում հավաք անցկացնելու վերաբերյալ: Ի դեպ, նույն օրը մեկնարկում է ԱԺ հերթական քառօրյան, որի ընթացքում Դաշնակցությունը պատրաստվում է արտահերթ կարգով մտցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրենքի նախագիծը:

ՉԻ ՈՒԶՈՒՄ
Նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը Aravot.am-ի հետ զրույցում Միքայել Դանիելյանի հայտարարությունը գնահատել է «շատ վատ». «Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո երեւի ոչ ոք ու երբեք չէր կարող մտածել, որ այդ գործը քննող զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ու նույն գործով դատապարտված Նաիրի Հունանյանը մի օր կարող էին նույն` քաղբանտարկյալի կարգավիճակն ունենալ: Ինձ մեղադրում էին ՄԻ Եվրոպական դատարանից գանգատս ետ վերցնելու համար, հայտարարում էին, որ ես այլեւս քաղբանտարկյալ չեմ եւ այլն: Բայց պատկերացնո՞ւմ եք, որ այսօր ես եւ Նաիրի Հունանյանը կարող էինք նույն կարգավիճակն ունենալ: Ես ուղղակի այլեւս հրաժարվում եմ քաղբանտարկյալ կամ նախկին քաղբանտարկյալ կոչվել, որովհետեւ չեմ ուզում, որ իմ անունը ջհանգիրյանների եւ հունանյանների կողքին հնչի»: Ի դեպ, Սիրունյանն ասել է նաեւ. «Ես առաջիկա ԱԺ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու իմ որոշումը միանշանակ կայացրել եմ ու առաջադրվելու եմ Արաբկիր համայնքում… Սպասում եմ, տեսնեմ` այդ երկու ընտրատարածքներում ովքեր են առաջադրվելու»:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ-2
Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 20.02.2012թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանի 15.02.2012թ. հ.667 իրազեկումը` ս/թ մարտի 4-ին` ժամը 14.00-ից, Ազատության հրապարակում հավաք, այնուհետեւ Թումանյան փողոց-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:




Լրահոս