«Ոստիկանի կողմից ֆիզիկական ուժի գործադրումը մտնում է ոստիկանի գործառույթների մեջ», – այսօր ասաց ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի այն հարցին, թե ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրեր առաջ էլեկտրաէներգայի թանկացման դեմ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների կողմից կիրառված գործողությունները համաչափ է համարել:
«Ֆիզիկական ուժը, հրազենի գործադրումը սահմանված են օրենքով: Ոստիկանը տիրապետում է միջոցների գործադրման կարգին, պայմաններին, և մի շարք դեպքերում ոստիկանն իրավունք ունի կիրառել ֆիզիկական ուժ: Մենք պետք է խոսենք ոչ թե կիրառման կամ չկիրառման մասին, այլ յուրաքանչյուր դեպքում պետք է խոսենք ոստիկանության գործադրած ֆիզիկական ուժի գործադրման համաչափության մասին»,- ասաց գլխավոր դատախազը:
Վերջինիս խոսքով՝ Սարյան փողոցում տեղի ունեցածի վերաբերյալ տրված է համապատասխան ցուցում, որ այն անձինք, ովքեր հայտնել են կամ կհայտնեն իրենց նկատմամբ բռնության մասին, դատախազությունը կզբաղվի այդ հարցով: «Կան մարդիկ, ովքեր արդեն ներկայացրել են հաղորդում, բայց պետք է իրավական գնահատական տրվի նաև ոստիկանի նկատմամբ բռնության հարցին»,- ասաց Կոստանյանը: