ՀՀ իշխանությունները ցանկացած առիթ օգտագործում են իրենց հպատակությունը Ռուսաստանին ապացուցած լինելու համար: Կարելի էր կարծել, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ընդունելությունը նույնպես` մանավանդ վերջին շրջանում սաստկացած պրոռուսական տրամադրություններից չի շեղվի … : Լավրովը գնաց, բայց, ինչպես ասում են, տհաճ նստվածքը մնաց` տպավորությամբ, թե Սերժ Սարգսյանի պաշտոնական ընդունելությունից բացի ռուս պաշտոնյայի այցն այլոց չհետաքրքրեց:
Վարչապետն Արցախում է, եւ կառավարությունից ստացվող վերջին օրերի հաղորդագրությունները Հովիկ Աբրահամյանի Ղարաբաղյան ակտիվ շրջագայությունների մասին են պատմում: Այնպես որ, տպավորություն է ստեղծվում, թե ՀՀ-ի հետ բոլոր հարցերը լուծված են եւ այժմ հերթը Ղարաբաղի բարգավաճմանն է հասել: Լավրովն էլ, ինչպես հայտնի է, չէր նախատեսել ո՛չ Արցախ գնալ, ո՛չ առավել եւս Հ. Աբրահամյանի պատվիրակության կազմում ընդգրկվել:
ԱԺ-ն ապրում էր իր կյանքով: Վերջին արտահերթերը բուռն անցան, իսկ քվորումի եւ քվերակության համար անհրաժեշտ ձայներ հավաքելու խնդիրն իշխող հանրապետականի առաջ այնպիսի սրությամբ դրվեց, որ Լավրովով զբաղվելու ժամանակ խորհրդարանը նույնպես չգտավ:
Իհարկե, կասկածից վեր է, որ ռուս բարձրաստիճան պաշտոնյայի անվտանգությունը հավուր պատշաճի էր ապահովվելու, բայց նաեւ ռուսական ճնշումների հետեւանքով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումն ու դրա հետեւանքով առաջացած հասարակական դիմադրությունը, Աֆրիկյանների տան շուրջ ծագած շարժումը հասարակական կայունության հարաբերականությունը խախտեցին`փաստելով, որ երկիրն ապրում է իր կյանքով, իսկ բարձրաստիճան ռուս պաշտոնյայի այցը, բացի Ս. Սարգսյանից, որեւէ մեկին առանձնապես չի հուզում:
Դավիթ Վանեսյան