ՄԱՆԴԱՏԱՎՈՐ «ՍՏԱՅԱՆՉԻԿԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած քաղաքացիները պատմեցին, որ Երեւանի Փափազյան 32 հասցեում գտնվող մի ավտոկայանատեղի կա, որի սեփականատերը «Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավար, ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանն է: Տեղացած ձյան պատճառով ԱԺ պատգամավորի ավտոկանգառում սառցե բեկորներ են գոյացել, սակայն  Բաբլոյանը չի բարեհաճում գումար ծախսել` կայանատեղին մաքրելու համար:  Արդյունքում մարդկանց մեքենաներն են վնասվում:
Երբ ավտոկանգառի հաճախորդներն աշխատակիցներին բողոքել են, վերջիններս պատասխանել են, թե «սրա տերը գիտե՞ք ով ա, իրա դեմ խաղ չկա, ինչ ուզի` կանի»: Իսկ երբ ավտոկանգառից օգտվող քաղաքացիները հետաքրքրվել են, թե ով է կանգառի  սեփականատերը, աշխատակիցները  հպարտությամբ հայտարարել են, թե ավտոկայանատեղին պատկանում է բժիշկ Բաբլոյանին: Ըստ մեզ դիմած  քաղաքացու` այդ ավտոկայանատեղիում առկա սառցակույտերի պատճառով  ինքը մի քանի անգամ մեքենան հարվածել է, քանի որ չի կարողացել այն սառույցի վրա ղեկավարել: Նա փորձել է ավտոկանգառի աշխատակիցների հետ զրուցել եւ խնդրել, որպեսզի սեփականատիրոջը տեղեկացնեն, որ նման իրավիճակ է: Սակայն աշխատակիցները վստահեցրել են, որ Բաբլոյանն այնպիսի մարդ չէ, որ մեկի ասածով մի բան անի. «Գնացե՛ք, ում ուզում եք` ասե՛ք, ում ուզում եք՝ բողոքե՛ք»: Փաստորեն, երբ հարգարժան պատգամավորն ավտոկանգառից օգտվողներից գումար է «շորթում», ամենեւին չի մտահոգվում մարդկանց համար բարենպաստ պայմաններ ստեղծելու մասին: Մինչդեռ խնդիրը կարելի էր լուծել ընդամենը մի փոքր ավազի կամ աղի միջոցով:  
Ինչեւիցե, փորձեցինք դիմել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանին` պարզելու համար, թե ինչու է իր սեփական ավտոկայանատեղին այդպիսի բարձիթողի վիճակում գտնվում: Վերջինս, տեղեկանալով, որ իրեն լրագրող է անհանգստացնում, ասաց. «Առնվազն մի 300 ժուռնալիստ կլինի՞ Հայաստանում, ու ես կարո՞ղ եմ իմ գործը թողնեմ, Ձեր հարցին պատասխանեմ» եւ անջատեց հեռախոսը:
Մենք զանգահարեցինք կրկին եւ երկրորդ անգամ փորձեցինք զրուցել Բաբլոյանի հետ, սակայն վերջինս ասաց, թե  եթե հարցը բժշկության հետ է կապված,  կարող ենք ուղղել, եթե ոչ, ապա մեր հարցերին չի պատասխանելու: Իսկ երբ տեղեկացավ, որ խոսքն իր սեփական ավտոկանգառին է վերաբերում, ասաց. «Ի՞նչ ավտոկանգառ, ո՞ւմ սեփականությունն է, ինչի՞ մասին եք խոսում: Ես Ձեզ ասեմ, որ ես չեմ զբաղվում ոչ մի կառավարչական հարցերով»: Մեր այն պնդմանը, թե այդ մասին ավտոկայանատեղիի աշխատակիցներն են ասել, Բաբլոյանը պատասխանեց. «Ես աշխատում եմ միայն Ազգային Ժողովում, ես սեփական ավտոկանգառ չունեմ» եւ կրկին անջատեց հեռախոսը:

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս