ՀԴՄ կտրոնների խաղարկության մասին լուրերը տարածվելուն պես քաղաքացիները սկսեցին իրենց գնումների դիմաց պահանջել կտրոնները: Սակայն դա երկար չշարունակվեց. մի մասը հոգնեց ամեն անգամ վաճառողին հիշեցնել իր պարտականության մասին, մյուս մասն էլ հիասթափվեց կտրոնների խաղարկության արդյունքներից: Բայց դեռ գտնվում են մարդիկ, որոնք պահանջում են կտրոնը, հավաքում եւ սպասում խաղարկությանը:
Սակայն այս խաղարկությունում կանոնները հստակեցված չեն. հեռուստատեսությամբ հայտարարում են, որ խաղարկությանը կարող են մասնակցել բոլոր այն կտրոնները, որոնք վնասված չեն, բայց իրականում խաղի կանոնները շատ հաճախ փոխվում են, եւ մարդիկ դրանց մասին չեն իմանում: «Խաղարկությանը միշտ մասնակցել եմ, այս անգամ 4 թվով համընկավ, եւ գնացի Մասիվի հարկային, որ ստանամ շահումս: Գնացի, ինչպես որ հարկն է, դիմում գրեցի, սակայն ինձ տեղեկացրին, որ կատարած գնումների նվազագույն արժեքը պետք է լինի 8000 դրամ, եւ չտվեցին շահումս: Ինձ նման էլի շատ մարդիկ կային, ում նույն բանն ասացին: Որոշ ժամանակ անց ասացին, որ կհերթագրեն եւ հետո կկանչեն»,-պատմեց «շահող» Արմեն Հարությունյանը:
Մեզ դիմած քաղաքացիները դժգոհում են, որ իրենց նախօրոք չեն զգուշացրել, որ գումարի նվազագույն չափը պետք է լինի 8000 դրամ, եւ իրենք ժամանակ են ծախսել շահումը ստանալու համար: Սակայն համապատասխան մարմիններն ունեն նաեւ այս հարցի պատասխանը: «Կառավարության որոշմամբ հաստատված վիճակահանության կարգին համապատասխան` 6 եւ 5 նիշերի համընկմամբ շահող կտրոնների տիրապետող այն ֆիզիկական անձին, որին որպես պարգեւավճար չի տրամադրվել ավտոմեքենա, որպես պարգեւավճար տրամադրվում է այլ գույք կամ իրավունք` ՀԴՄ կտրոնի վրա արտացոլված գործարքի արժեքներից ելնելով: 2012թ. ընթացքում անցկացվող յուրաքանչյուր վիճակահանության արդյունքներով տրամադրվելու է 200 հատ 6 ամսով անվճար ինտերնետ կապ եւ մոդեմ ու 100 հատ բջջային հեռախոս: Այլ գույքի կամ իրավունքների մնացած մասը` որպես պարգեւավճար, տրամադրվում է 4 նիշի համընկմամբ առավելագույն արժեք ունեցող շահող կտրոններ ներկայացրած անձանց»,-մեկնաբանեցին Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Ստացվում է, որ 4 նիշի համընկման դեպքում «շահողները» պետք է սպասեն, թե մնացորդից իրենց ինչքան բաժին կհասնի, կամ արդյոք ընդհանրապես կհասնի: Ըստ ՊԵԿ-ի` միաժամանակ վիճակահանության արդյունքներով 4 եւ ավելի նիշերի համընկմամբ ՀԴՄ կտրոնները ներկայացվում են մինչեւ տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը, որից հետո մինչեւ հաջորդ վիճակահանության անցկացումն արդյունքները ամփոփվում են, հետեւաբար նախապես հայտնի չէ, թե քանի նիշի համընկմամբ եւ ինչ նվազագույն գործարքի արժեքով ՀԴՄ կտրոններ տիրապետողներին են տրամադրվելու համապատասխան պարգեւավճարները:
Նշենք նաեւ, որ 2012թ. հունվար ամսին կայացած վիճակահանության արդյունքով 4 եւ ավելի նիշերի համընկմամբ ներկայացվել են շուրջ 1700 կտրոններ, որոնցից, ըստ համընկած նիշերի քանակի եւ գործարքների արժեքների նվազման հերթականության, 315 ֆիզիկական անձանց տրամադրվում են ավտոմեքենաները, 6 ամսով անվճար ինտերնետ կապն ու մոդեմները եւ բջջային հեռախոսները: Հունվար ամսվա վիճակահանության արդյունքներով 4 նիշերի համընկմամբ պարգեւավճարները տրամադրվել են 8035 եւ ավելի դրամ գործարքի արժեք ունեցող ՀԴՄ կտրոններ ներկայացրած անձնաց: Ինչպես նշում են ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցները, համապատասխան նիշերի համընկմամբ եւ գործարքի առավելագույն արժեքների հիման վրա պարգեւավճարների տրամադրման կարգը նոր չէ եւ կիրառվում է դեռեւս 2011թ-ից: Գործող կարգը պարբերաբար լուսաբանվում է հեռուստատեսությամբ, նաեւ տեղադրված է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:
Սակայն, ինչպես տեսնում ենք, այդ խաղարկության նոր կանոններն այնքան էլ մատչելի չեն բացատրվում մարդկանց:
ՀԴՄ ԿՏՐՈՆՈՎ ՇԱՀՈ՞ՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԴՐԻՆԵ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ