ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. 2012 թվականի ընթացքում կոնկրետ քանի՞ հակակարկտային կայան պիտի կառուցվի ՀՀ տարածքում: Ամեն տարի գյուղացու բերքը կարկուտից տուժում է, լավ կլինի, որ նոր կառուցվող հակակարկտային կայանների թիվը շատանա:

Վահագն Խաչատրյան, 55 տարեկան,
գյուղատնտես

ՊԱՏԱՍԽԱՆ. Այժմ մենք հանրապետության չորս մարզերում ունենք 119 հակակարկտային կայաններ, որոնցից 48 կայանը` Արարատի մարզում, 55-ը` Արմավիրի մարզում, 15-ը` Արագածոտնի մարզում, եւ 1 կայան՝ Լոռու մարզում: Եղած կայանների թիվը շատ քիչ է, եւ դրանք չեն բավարարում, որպեսզի նորմալ, արդյունավետությամբ պաշտպանություն իրականացվի: Կառավարությունը, չնայած սուղ պայմաններին, հնարավորություն է գտել, որպեսզի այս տարի եւս մի քանի մարզերում կառուցվեն հակակարկտային կայաններ: Կոնկրետ 2012-ին 15 հակակարկտային կայան պետք է կառուցվի Արագածոտնի մարզում, 14 կայան` Արմավիրի մարզում, եւ 6 կայան` Լոռու մարզում: Այսինքն` ընդհանուր թվով 35 կայան կկառուցվի այս տարի, արդեն համապատասխան աշխատանքներ են իրականացվում: Նման կայանների կառուցումը մեծ բան է, եւ պետք է նշեմ, որ մեր հարեւան երկրներում` Վրաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում, ընդհանրապես հակակարկտային կայաններ չկան: Մինչ 2015 թվականը հանրապետության տարածքում 100 կայան կկառուցվի:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործություն» ծառայության ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Ռոբերտ Հովսեփյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես նկատեցիք, բոլոր մարզերի անունները չի թվարկվում, ինչը նշանակում է, որ մեր հանրապետության բնակավայրերի մի մասը միայն (այն էլ մասնակիորեն) հնարավորություն ունի որոշակի չեզոքացնել տարերքի վնասները: Խնդիրն այնքան հին է, որ դժվար է վերհիշել, թե հակակարկտային կայանների համալրման եւ նորացման համար երբվանից է խոսվում: Բայց, ինչպես միշտ, նշվում է ինչ-որ հեռահար ժամկետ` հույսով, որ հարցն ապագայում լրիվ կլուծվի:




Լրահոս