ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Երկրորդ կարգի հաշմանդամ եմ եւ ամեն ամիս Նոր Հաճնի պոլիկլինիկայից պետք է ստանամ համապատասխան քանակությամբ անվճար դեղորայք: Բայց այդ դեղորայքն անընդհատ ուշացնում են, ես էլ գումար չունեմ, որ դեղատնից գնեմ: Խնդրում եմ պարզաբանել, թե ինչու են ուշացնում, եւ ընդհանրապես դեղն ինչպես է բաշխվում:

Ռոմիկ Բաղդասարյան, 72 տարեկան, թոշակառու

ՊԱՏԱՍԽԱՆ. Քանի որ տարվա սկիզբ էր, ուշացումները դրա հետ էին կապված, այժմ քաղաքացին արդեն դեղով ապահովվել է, եւ այսուհետ արդեն դեղի հատկացումը նորմալ կլինի: Դեղերն առողջապահության նախարարության կողմից ուղարկվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ, բայց հիվանդները պետք է ստանան ամեն ամիս, քանի որ բժշկի կողմից լրացուցիչ հետազոտություն կամ միգուցե դեղի դոզայի փոխելու տարբերակ է լինում եւ այլն: Այժմ հիվանդն ամեն ամիս կարող է իր դեղը ստանալ պոլիկլինիկայից, եւ նման խնդիրներ չեն կարող առաջանալ:

ՀՀ առողջապահության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մի՞թե մարդը կարող է իր անառողջ օրգանիզմին համոզել, որ հունվարը մեզանում տոնական ամիս է, եւ իրեն դեղորայքով ապահովելուն կոչված մարդիկ ալարկոտ են, տոներից հետո ավելի քան ուշ են վերադառնում: Այնպես են անում, որ բուժամիջոցների կարիք ունեցող քաղաքացիներն ընդհանրապես հրաժարվեն պոլիկլինիկաներ այցելելուց, եւ ուզած դեղորայքն ուզած պահին հենց դեղատնից ձեռք բերեն: Պարզ է նաեւ, որ եթե մարդկանց միջոցները ներեին, ապա նրանք հաստատ անվճար դեղորայքի հույսին չէին էլ մնա: Բայց եթե ճարահատյալ քաղաքացին խնդրի լուծումը մինչեւ անգամ թերթով ահազանգելու հետ է կապում, ուրեմն հաստատ նա այլ ելք չունի:




Լրահոս